Աշխարհ

Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ եվրոպական երկրներ Գուայդոյին ճանաչել են Վենեսուելայի նախագահ

Եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Դանիան Վենեսուելայի ընդդիմության ղեկավար և Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին ճանաչել են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այս մասին հայտնել է BBC-ն:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Գուաիդոն «իրավասություն» ունի՝ նոր նախագահական ընտրություններ անցկացնելու:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել:

«Վենեսուելան պետք է լինի իր սեփական ճակատագիրը կերտողը: Միջազգային համայնքը պարտավոր է օգնել և ապահովել, որ դա տեղի ունենա համապատասխան երաշխավորումներով»,- ասել է Սանչեսը:

Գուաիդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին թվիթերյան գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

«Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններ չի հրավիրել մեր առաջարկած 8-օրյա ժամկետում: Հետևաբար, Միացյալ Թագավորությունն իր եվրոպական դաշնակիցների հետ միասին ճանաչում է Խուան Գուաիդոյին ժամանակավոր սահմանադրական նախագահ, մինչև հնարավոր լինի արդար ընտրություններ անցկացնել: Հուսանք, որ սա մեզ կմոտեցնի հումանիտար ճգնաժամի ավարտին»,- նշել է Ջերեմի Հանթը:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին լրացել էր Եվրոպական միության մի քանի երկրների կողմից ներկայացված 8-օրյա վերջնաժամկետը, որի ընթացքում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է ընտրություններ հրավիրեր: Եվրոպական երկրները հայտարարել էին, որ ընտրություններ չհրավիրելու դեպքում իրենք նախագահ կճանաչեն Գուաիդոյին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ