Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ-ռուսական առողջապահական 5-րդ ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը, որը գլխավորում է ՌԴ-ի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան:
Ողջունելով ներկաներին` Տատյանա Սեմյոնովան փոխանցել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի խոսքը, որ որոշակի հանգամանքներով պայմանավորված չի կարող մասնակցել առողջապահական ֆորումին` հայցելով հայկական կողմի ներողամտությունը:
Կողմերն անդրադարձել են ֆորումի շրջանակներում քննարկվելիք առողջապահական առանցքային խնդիրներին` ընդգծելով, որ այս հանդիպումներից յուրաքանչյուրը նոր ուղի է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Երկուստեք կարևորվել են համագործակցության այս ձևաչափը, որը թույլ է տալիս յուրաքանչյուր տարվա վերջում համատեղ ամփոփել արդյունքները:
Արսեն Թորոսյանը փաստել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր են համատեղ ծրագրերը, համագործակցության ոլորտներն ընդլայնելու և թարմացնելու առումով, ինչպես նաև բարեկամական ու ջերմ հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից:
«Ընթացիկ 5-րդ ֆորումի համար ընտրվել են այն ուղղությունները, որոնք առավել մեծ ուշադրություն են պահանջում: Վստահ ենք, որ մեր գործընկերներն ու փորձագետները ֆորումի շրջանակներում նախատեսված հանդիպումների ընթացքում կմշակեն համագործակցության արդյունավետ սխեմաներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշել է նախարարը:
Միաժամանակ, քննարկվել են նաև 6-րդ ֆորումի անելիքները` կարևորելով առողջապահության ոլորտի բարեփոխումների բազմակողմանիությունը և բազմազանությունը:
Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն:
«Միավորելով համընդհանուր ուժերը` կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են այս ոլորտում ավելի շատ ջանքեր գործադրելով հասնել ընդհանուր նպատակներին: Բոլորիս մաղթում եմ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն ռուս և հայ ժողովուրդների»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։