ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց:
Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում:
Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում է ՀՀ զինված ուժերի սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին: Մասնավորապես, տեսանյութերում Գուրգեն Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: ՀՀ զինված ուժերի սպան ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը: Տեսանյութում Գ.Ալավերդյանը շրջապատված է ադրբեջանցի զինվորականներով, ովքեր անում են նրա արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են սպայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով:
Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: Հետևաբար, տեսանյութերում ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումներ են:
Անհրաժեշտ է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրավունքների կոպիտ խախտումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ գտնվել այդ երկրի իրավազորության ու հետևաբար նաև՝ պատասխանատվության ներքո:
Խիստ դատապարտելի երևույթ է նաև այն, որ նշված տեսանյութերը լայնորեն տարածվում են ադրբեջանական, մասնավորապես՝ Rahmanzade TV, Yeni Avaz TV, WEST NEWS TV, Beynelxalq İnfo, Hərbi TV և այլ հեռուստաընկերություններով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումները, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները:
Պաշտպանը հարցմամբ դիմել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից պաշտոնապես լրացուցիչ պարզաբանվել է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:
Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչը մշտական կապի մեջ են Գուրգեն Ալավերդյանի ընտանիքի հետ, ինչպես նաև համապատասխան միջազգային կառույցների հետ:
https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/1485927201594739/?type=3&theater