ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.ՀՀ
«Իմ ստորագրությամբ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել այն պետությունների դատախազության ու ոստիկանության մարմիններ, որոնք ունեն ընդանուր իրավազորություն (general jurisdiction):
Այդ հաղորդումները վերաբերում են ադրբեջանական զինված ուժերի կողմից մեր հայրենակիցներին խոշտանգելուն, այդ թվում` գլխատումներին, անմարդկային վերաբերմունքին, զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին, մարմնի մասեր կտրելուն և այլն:
Հաղորդումների հետ միասին այդ երկրների իրավապահ մարմիններին է ներկայացվել օբյեկտիվ բնույթի 223 ապացույց՝ տեսանյութեր ու լուսանկարներ, այդ ապացույցների մանրամասն վերլուծություններ:
103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություներն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները: Տեսանյութերն ամրագրվել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լոգոյով՝ ի նշան տեղեկությունների հավաստիության:
Իրավական ամրագրում է ստացել և վերլուծվել 120 լուսանկար, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են ադրբեջանցի զինվորականների կողմից մեր ռազմագերիների սոցիալական ցանցեր ապօրինի մուտք գործելուն ու դրանք ապօրինի կառավարելուն:
Հաղորդումների մեջ ներառվել են հետևյալ հիմնական հարցերը.
1) ռազմագերիների, քաղաքացիական անձանց ու վիրավորների կանխամտածված սպանություն,
2) ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգում և անմարդկային վերաբերմունք,
3) զոհվածների մարմինների նկատմամբ անարգանք,
4) ջիհադիստների և ահաբեկիչների օգտագործումն Արցախի դեմ պատերազմում.
5) քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակների կիրառում.
6) հայկական կողմի ռազմագերիների սոցիալական ցանցերի էջեր ապօրինի կառավարում ադրբեջանցի զինվորականների կողմից:
Տեսնենք` ընթացքն ինչ ցույց կտա: Որքան հասկանում եմ, Օմբուդսմանի կողմից նման հաղորդում ներկայացնելն առաջին փորձն է երբևէ:
Այս հսկայածավալ աշխատանքը կատարվել է մեր աշխատակազմի ու փորձագետների ջանքերով:
Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներ Գուրգեն Պետրոսյանին (Gurgen Petrossian) և Մարիամ Մելքոնյանին (Mariam Melkonyan)` աջակցության համար»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=781076562491551&id=100017676420633