fbpx
Առողջապահություն

ՄԻՊ-ը հատուկ քննարկում է նախաձեռնել ՔԿՀ-ի բժիշկների հետ

Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար:

Ինչպես հայտնում է ՄԻՊ աշխատակազմը, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները:

«Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաև բժիշկների անկախության ապահովումը և ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը:

Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ:

Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ