fbpx
Իրավական

ՄԻՊ-ը 9 ամսում ստացել է երեխաների իրավունքների վերաբերյալ 485 դիմում-բողոք

2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՄԻՊ-ի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից:

Այս մասին սեպտեմբերի 29-ին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն:

Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ:

Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում:

Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև հետագայում նման խնդիրների բացառումը:

Դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում:

Աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարևորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը», – ասվում է ՄԻՊ-ի գրառումում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ