fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ մեր երկրում գտնվող ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում և վերահաստատել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը: Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման և ամրապնդման նպատակով:

Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին ներկայացրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին և ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հրավերի համար և ներկայացրել դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն և զարգացում կբերեն Հայաստանին: Գլխավոր քարտուղարը ողջույններ է փոխանցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ