fbpx
Սպորտ

Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Reddit-ում պատասխանել է երկրպագուների հարցերին:

Հայ ֆուտբոլիստն օնլայն հարցազրույցի մեկնարկի մասին նշել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում:

«Եկեք սկսենք»,- գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:

– Խաղի ընթացքում Դուք միշտ առաջնորդվում եք նախապես մշակած մարտավարությա՞մբ, թե՞ փորձում եք ձևավորել սեփականը:

– Խաղից առաջ դուք ձեր գլխում ունեք նախապես ծրագրած նախագիծ, սակայն միշտ չէ, որ դրանք աշխատում են այնպես, ինչպես դուք էիք նախատեսել: Այդ պատճառով դուք պարզապես պետք է շատ արագ մտածեք և որքան հնարավոր է շուտ որոշում կայացնեք: Եթե դուք միայնակ եք և ձեր առջև կանգնած է մրցակցի պաշտպանը, դուք մտածելու շատ ժամանակ չունեք: Աշխատել եմ 10 մարզիչների գլխավորությամբ: Բոլորը տարբեր էին: Շատ բան եմ նրանցից սովորել. ինչպես լեզու գտնել մարզչի հետ, ինչպես աշխատել նրա հետ: Շնորհակալություն յուրաքանչյուր: Սա մեծ փորձ էր:

– Խաղացել եք տարբեր դիրքերում: Որ դիրքում եք խնդիրներ ունեցել և որ դիրքն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

– Ինձ ավելի շատ դուր է գալիս հանդես գալ կենտրոնում, քան եզրերում, սակայն եզրերում խաղալիս շարժվում եմ այլ մարտավարությունով: Կարևորն այն է, որ խաղում ես ու կարևոր չէ, թե որ դիրքում: Պարզապես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ օգնել թիմին, որպեսզի հայրենակիցներս հպարտանան ինձնով:

– Կպատմե՞ք «Yo Pierre!» տեսանյութի ամբողջ պատմությունը: Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ իմացաք, որ Օբամեյանգը միանալու է «Արսենալին»:

– Երբ ես նկարահանեցի այդ տեսանյութը, նա դեռ 100 տոկոսով չէր տեղափոխվել «Արսենալ»: Պարզապես տեղափոխվելու դեպքում ցանկանում էինք նմանատիպ տեսանյութ ունենալ: Համաձայնեցի և ուրախացա: Երբ լսեցի, որ նա տեղափոխվում է, պարզապես ասացի. «Հեյ, Պիեր, դու ուզո՞ւմ ես տեղափոխվել»:

– Ըստ Ձեզ` 7 լեզվի տիրապետելն օգնո՞ւմ է հանդերձարանում, թե՞ բոլորի հետ շփվում եք անգլերենով:

– Լավ է, որ տիրապետում ես տարբեր լեզուների, սակայն դա երբեմն շփոթեցնում է քեզ: Երբ դու ցանկանում ես տվյալ լեզվով համապատասխան բառ գտնել` խճճվում ես: Դժվար է իմանալ տարբեր լեզուներ:

– Բացի մարզումներից և խաղային տեսանյութերի վերանայումից, որքա՞ն ժամանակ եք տրամադրում ֆուտբոլին:

– Ես շատ եմ մտածում ֆուտբոլի մասին: Մտածում եմ, թե ինչ եմ անում մարզումների ժամանակ: Ինչն էր վատ, և ինչն էր լավ: Մտածում եմ, թե ինչ կարող եմ ավելի լավ անել: Ֆուտբոլային շատ հանդիպումներ եմ դիտում: Չեմ կարծում, որ մարզման ժամանակ կարող եմ դա անել, այդ պատճառով հետո եմ մտածում: Մարզման և հանդիպումների ժամանակ ամեն ինչ շատ արագ է կատարվում:

– Սպասո՞ւմ էիք, որ կվերամիավորվեք Օբամեյանգի և Սոկրատիսի հետ «Արսենալում»:

– Երբեք չէի մտածի, որ կրկին նրանց հետ կխաղամ: Երազանքս էր նրանց հետ մի թիմում խաղալը, սակայն չէի կարծում, որ դա տեղի կունենա: Ուրախ եմ նրանց տեսնել այստեղ: Նրանք յուրահատուկ են ինձ համար: Շատ էի տխրել, երբ հեռացել էի Դորտմունդից: Սակայն սա ֆուտբոլ է: Աշխարհը փոքր է և մենք կրկին միասին ենք:

– Բոլորին հայտնի է, որ դուք տիրապետում եք տարբեր լեզուների: Ո՞րն է Ձեր ամենասիրելի լեզուն և ո՞րն է Ձեզ համար ամենաբարդը:

– Կարծում եմ` ամենաբարդն ինձ համար գերմաներենն է, քանի որ չգիտեի այդ լեզուն հիմնովին չգիտեի: Գերմաներենը սովորել եմ ինքնուրույն: Արել եմ դա թիմակիցներիս և մարդկանց հետ ավելի հեշտ շփվելու համար: Ամենահեշտը հայերենն է, քանի որ իմ մայրենի լեզուն է: Դպրոցում ուշադրություն չեմ դարձրել անգլերենի վրա, քանի որ սովորել եմ ֆրանսերեն: Եվրոպական ակումբ տեղափոխվելու երազանքի հետ մեկտեղ սկսել եմ անգլերեն սովորել: Անհատական պարապմունքներ եմ ունեցել, սակայն Ուկրաինա տեղափոխվելուց հետո չեմ օգտվել անգլերենից: Անգլերենը հարկավոր է եղել Գերմանիայում:

– Մինչև 23 տարեկանների թիմի դեմ կայացած վերջին խաղում կարողանո՞ւմ էիք տեսնել մրցակցի կիսադաշտը:

– Չէի կարողանում տեսնել վերջին 10 րոպեներին: Ցավոք, երկրորդ խաղակես չանցկացրինք: Մեկ ու կես ժամ անց եղանակը բացվեց, սակայն մրցավարը հանդիպումը դադարեցնելու որոշումն արդեն կայացրել էր:

– Ֆուտբոլային մարզիչ եմ, որը մարզում է պատանի ֆուտբոլիստների: Նրանք ցանկանում են լսել Ձեր խորհուրդը` ուղված պատանի ֆուտբոլիստներին:

– Ամենակարևորը հավատն է: Հավատ սեփական ուժերի նկատմամբ: Եթե դուք մեկ անգամ սխալվել եք, դա չի նշանակում, որ դուք վատ ֆուտբոլիստ եք: Դուք պետք է շարունակեք աշխատել: Դուք պետք է հավատաք այն ամենին, ինչ անում եք և երբեք չհանձնվեք: Պարտությունով ամեն ինչ չի ավարտվում: Պարտությունը սովորեցնում է: Փորձեք հաղթել հաջորդ խաղում:

– Ո՞րն է Ձեր ամենասիրելի հանդիպումը:

– Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը: Սիրելի խաղն է, քանի որ հենց այդ խաղում նվաճեցի Եվրոպա լիգայի գավաթը: Բացի այդ, ես դարձա առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Հուսով եմ` «Արսենալում» սիրելի շատ հանդիպումներ կունենամ:

– Ո՞ւմ հետ կցանկանայիր հանդես գալ նույն թիմում:

– Լավ ֆուտբոլիստներ շատ կան, սակայն ես կցանկանայի հանդես գալ հորս հետ միասին: Կարծում եմ` լավ թիմակիցներ կլինեինք: Հաճելի կլիներ խաղալ նրա հետ: Ես միշտ դիտել եմ նրա խաղը տեսաերիզներով: Բոլորն ասում են, որ նա լավ ֆուտբոլիստ է եղել:

– Հանդիպումներից առաջ լարվածություն զգո՞ւմ եք, թե՞ հոգեբանորեն պատրաստ եք յուրաքանչյուր խաղի:

– Երբեմն լարվածություն կա, սակայն խաղադաշտ դուրս գալուց և գնդակին դիպչելուց անմիջապես հետո սկսում եք մտածել խաղի մասին: Ինչպես արդեն ասացի, միշտ չէ, որ նախապես մշակված մարտավարությունն աշխատում է:

– Ինչպե՞ս հարմարվեցիք ԱՊԼ-ին: Դժվա՞ր էր Բունդեսլիգայից հետո:

– Բունդեսլիգան և ԱՊԼ-ն տարբեր առաջնություններ են: Չեմ կարող ասել, թե նրանք նման են: Կարծում եմ, որ Բունդեսլիգայում շեշտը դնում են կարգապահության, մարտավարության և թիմային խաղի վրա: Պրեմիեր լիգայում ավելի շատ շեշտը դրված է տեմպի, անհատական որակների, արագության և ֆիզիկականի վրա: Սկզբում շատ բարդ էր, սակայն աստիճանաբար հարմարվեցի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ armsport.am


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ