Մոսկվա-Երևան ուղևորվող ինքնաթիռը գիշերը ժամը 1-ի սահմաններում դուրս է եկել թռիչքուղի և թափ հավաքել օդ բարձրանալու համար։ Բայց այդ ժամանակ ինքնաթիռի սրահում թանձր ծուխ է եղել, ու օդաչուները, կապվելով ցամաքային կայանի հետ, դադարեցրել են թռիչքը։
«Շերեմետևո» օդանավակայանի մամուլի պատասխանատուն տեղեկացրել է, որ ինքնաթիռի կանգառից անմիջապես հետո բերվել են փչովի թեքահարթակներ, մարդկանց արագ տարհանել են, ինքնաթիռից էլ դուրս են բերել ուղևորների իրերը։ Ինքնաթիռում կրակի օջախ չի հայտնաբերվել, սակայն դեռ չի էլ նշվում, թե ինչպես է սրահը լցվել ծխով։
Մինչ այդ, ականատես ուղևորներից մեկը պատմել էր, որ ծխի հայտնվելուց հետո սրահում իրարանցում էր սկսվել։ Ինքնաթիռում այդ պահին եղել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Իրարանցման ու տարհանման ընթացքում տուժել է 6 մարդ։
Ավիաընկերությունը, ըստ օդանավակայանի մամուլի քարտուղարի, ավելի ուշ տրամադրել է նոր ինքնաթիռ, որով ուղևորների մեծ մասն արդեն տեղափոխվել է Երևան։ Նոր թռիչքից հրաժարվել է 28 մարդ, որոնցից 2-ը տուժողներից են. նրանք հոսպիտալացվել են։