Մոսկվայում սեփական տան շքամուտքի մոտից բերման է ենթարկվել ռուս ընդդիմադիր գործիչ, նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատ Ալեքսեյ Նավալնին:
Կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի գործիչը Instagram-ում գրել է, որ դուրս էր եկել տնից՝ կնոջը ծաղիկներ գնելու, և պարզել, որ տան մոտ իրեն է սպասում հատուկ ջոկատայիններով լի մի ավտոբուս: Իրավապահները Նավալնուն բերման են ենթարկել։
Փաստաբանի խոսքով՝ Նավալնին մեղադրվում է հասարակական կարգի խախտման համար։ Սակայն, դեռևս պարզ չէ, թե որ ակցիայի մասին է խոսքը։ Այս մասին հաղորդում է Дождь-ը։
Ավելի վաղ ընդդիմադիր գործիչը կոչ էր արել այս շաբաթվա վերջին զանգվածային ցույց անցկացնել Մոսկվայի քաղաքապետարանի մոտ և պահանջել, որ անկախ թեկնածուներին ևս քաղաքային ընտրություններին մասնակցելու հնարավորություն տրվի:
Անցած շաբաթ օրը Մոսկվայի ավելի քան 20 հազար բնակիչներ էին արձագանքել ընդդիմության այդ կոչերին, 2012 թվականից հետո առաջին անգամ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ աջակցելու այն թեկնածուներին, որոնց իշխանությունները հրաժարվում են գրանցել՝ չնայած դրա համար հավաքված ստորագրություններին:
Նավալնին չէր բացառել, որ բողոքի այս ցույցերը կարող են դառնալ անժամկետ: Իշխանությունները «քաղաքական շանտաժ» էին որակել ընդդիմության այս հայտարարությունները:
