Առնվազն 91 հաստատության նյութական վնաս է պատճառվել մարտի 16-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին ասվում է Փարիզի և Իլ դե Ֆրանս տարածաշրջանի առևտրաարդյունաբերական պալատի հաղորդագրության մեջ, որը տարածվել է մարտի 18-ին: Նրա տվյալներով՝ այդ հաստատությունների 80 տոկոսը ենթարկվել են թալանի, հրկիզումների և այլ ավերածությունների: Ոչնչացվել է թերթի 3 կրպակ:
Վնասվածքներ են ստացել ինչպես բիզնեսի սեփականատերերը, այնպես էլ նրանց աշխատակիցները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հիմնական կորուստները կրել են Ելիսեյան դաշտերում գտնվող հաստատությունների տերերը: «Բիզնեսի համար այս բարդ իրավիճակում պալատը խնդրում է կառավարությունից՝ ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք ընկերություններին թույլ կտան աշխատել բնականոն պայմաններում,-ընդգծվում է կոմյունիկեում:-Փարիզյան առևտրի համար արտակարգ պլան է անհրաժեշտ»: Ֆինանսական կորուստների մասին առայժմ տվյալներ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: