Սեպտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ մրցութային հանձնաժողովը հարցազրույց է անցկացրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուների՝ Սասուն Խաչատրյանի, Գառնիկ Թորոսյանի և Դավիթ Մկրտումյանի հետ:
«Մրցութային խորհրդում ներկայացուցիչներ ունեն կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը, դատախազությունը և «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:
Թեկնածուները պատասխանել են մասնագիտական, անձնական որակներին և բարեվարքությանը վերաբերող հարցերի:
Մրցութային հանձնաժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը ներկայացրել է, թե ինչ կարգով է ամփոփվում մրցույթը:
«Գնահատման 3 հիմնական պահանջ կա՝ անձնական տվյալներ, բարեվարքության մասնագիտական գիտելիք և պատրաստվածություն: Յուրաքանչյուր պահանջ ունի չափանիշներ և գնահատվում է ըստ չափանիշի: Առավելագույնը 100 միավոր է, որ կարող է ստանալ մեկ թեկնածուն՝ մեկ խորհրդի անդամի կողմից: Կա անցողիկ շեմ, այն կազմում է ընդհանուր միավորների 50 տոկոսը, և բարեվարքության նկատմամբ ավելի խիստ է պահանջը դրված խորհրդի կողմից: 60 տոկոս կազմում է բարեվարքության անցողիկ շեմը: Եթե կունենանք անցողիկ շեմը հաղթահարողներ, ուրեմն կունենանք հաղթողներ»,- ասել է մրցութային հանձնաժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհուրդն արդեն ամփոփել է մրցույթի արդյունքները։
Անցողիկ շեմերը հաղթահարածների ցուցակում են, ըստ հավաքած միավորների նվազման կարգի, Սասուն Խաչատրյանը, Դավիթ Մկրտումյանը և Գառնիկ Թորոսյանը։
Նրանցից մեկը գործադիրի կողմից նշանակվելու է Հակակոռուպցիոն կառույցի ղեկավար»,- ասված է հաղորդագրության մեջ։
