«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Մալենան, որը «Քամի-քամի» երգով հաղթեց մրցույթում և այն բերեց Հայաստան, դժվարությամբ է հավատում, որ իր և իր թիմի աշխատանքի շնորհիվ գեղեցիկ իրադարձությունն անցկացվում է իր հայրենիքում:
Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց, որ մրցույթի մասշտաբներն ահռելի են: «Հաղթելուց հետո չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան շքեղ կլինի: Ակտիվ հետևում եմ մրցույթին և վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ը իմ տեսած մրցույթներից ամենամասշտաբայինն է»,-նշեց նա:
Մալենան և «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի տարբեր տարիների հաղթողները մրցույթի օրը՝ դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երգելու են հաղթած երգերը: Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբն էլ կկատարի այն ներկայացուցիչների ստեղծագործությունները, որոնք չեն ժամանել Հայաստան:
«Արդեն հանդիպել եմ այս տարվա մասնակիցների հետ և նրանց խորհուրդ եմ տալիս ոչ թե մրցել միմյանց հետ, այլ փորձել ընկերանալ: Դրա շնորհիվ լավ հիշողություններ կարող են ունենալ: Նրանց տեսնելով, հետևելով՝ շատ եմ կարոտում եվրատեսիլյան օրերը, որոնք իմ կյանքի լավագույն օրերից էին»,-խոստովանեց Մալենան:
Դեկտեմբերի 8-ին Մալենան երկրպագուների դատին է հանձնել «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսի հիման վրա գրված Spin The Magic երգը, որի հեղինակը «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն է: