fbpx
Իրավական

Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ ՍԴ անդամի թափուր պաշտոնի հավակնորդի ընտրության համար համապատասխան ընթացակարգ է մշակվում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության մրցակցային ու թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով լրամշակվում է համապատասխան ընթացակարգ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար պատրաստվո՞ւմ է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, և եթե ոչ, ապա ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը շարունակում է դատարկ մնալ։ ՍԴ անդամի թափուր տեղ էր առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Վերջինս այժմ գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, իսկ ՍԴ նախագահը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է։

Նախորդ տարվա հոկտեմբերին Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ ըստ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն․ ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ, ըստ ԱԺ կանոնակարգի՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում:

Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ ընտրության հարցը քննարկվեց Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ին գումարված հերթական նիստում։ Սակայն ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության՝ հավասար, արդար և թափանցիկ ընթացակարգի հարցը նախորդ տարի բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100-ից ավելի փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է լսել այդ հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները և ողջամիտ ժամկետում համապատասխան ընթացակարգով ընտրել և առաջադրել թեկնածու:

Նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնեցին, որ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդի ընտրության կարևորությունը և նախորդ փորձը՝ մշակվող ընթացակարգի միջոցով կկանոնակարգվի ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման գործընթացը, որից հետո Արմեն Սարգսյանի կողմից ընտրված հավակնորդի թեկնածությունը կներկայացվի Ազգային ժողով։

Հաշվի առնելով մի քանի տասնյակ ՀԿ-ների և փաստաբանների հետևողականությունն այս հարցում և երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը՝ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու դեպքում վերջինս, ամենայն հավանականությամբ, կընտրվի ՍԴ դատավոր։

Հայտնում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ