ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն այցելել է Միացյալ Նահանգներ, հանդիպել Լաս Վեգասի հայ համայնքի հետ: Այս մասին Հայրապետյանը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում:
«Այստեղ եմ գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով։ Ի տարբերություն հայահոծ Լոս Անջելեսի հայ համայնքի՝ Լաս Վեգասի համայնքն ավելի սակավաթիվ է. բայց, չնայած դրան, ներկա մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ անկաշկանդ մթնոլորտում, մի քանի ժամ տևած հարցուպատասխանով։ Այցի բացառիկության մասին հենց սկզբում նշեցին տեղացիները՝ քիչ նեղսրտած, որ իրենց՝ շուրջ 20.000 հոգուց բաղկացած հայ համայնքը մինչ այս ինչ-որ իմաստով անտեսված է եղել։ Հանդիպումն իմ խնդրանքով կազմակերպվել էր Լաս Վեգասի ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան (Էնդի) Արմենյանի անմիջական աջակցությամբ։ Բացման խոսքով հանդես եկավ Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը, որին հաջորդեց ՄՀՆ֊ի տնօրեն Արսինե Շիրվանյանի խոսքը»,-գրել է նա։
Հայրապետյանը նշել է, որ հանդիպմանը ներկա էին թե՛ դասական սփյուռքից, թե՛ վերջին տարիներին Հայաստանից մեկնած հայեր։
«Համայնքի անդամների՝ ինձ հղած հարցերը խիստ բազմաբնույթ էին՝ տնտեսական հեղափոխությանը, ներդրումներին, անցումային արդարադատությանը վերաբերող հարցերից մինչև բնապահպանական խնդիրներ, սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ձևավորում և այլն։ Մեծ թիվ էին կազմում նաև կրթական ոլորտին առնչվող հարցերը։ Հավելեմ, որ Լաս Վեգասի հայ համայնքն ունի երկու շաբաթօրյա դպրոց, երկու եկեղեցի և գործող մեկ տասնյակ համահայկական կառույցներ»,-գրել է Հայրապետյանը: