fbpx
Քաղաքականություն

Մխիթար Հայրապետյանը չի բացառում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր պաշտոնում աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն է ստացել, որ նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ։ Այդ մասին Հայրապետյանը նշեց հրավիրված ասուլիսում:

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է տեսնում այս նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին։ «Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է. եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն: Հայրապետյանը, միաժամանակ, նշեց, որ չի բացառում նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը որպես որևէ նախարարության առանձին կոմիտեի կամ գործակալության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ