Խորհրդարան

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով և հովանավորությամբ:

Փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:

Համայնքի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը հյուրերին ներկայացրել է եկեղեցու կառուցման պատմությունը, խոսել համայնքի առջև ծառացած մարտահրավերներից և խնդիրներից:

Այնուհետեւ Մխիթար Հայրապետյանն այցելել է եկեղեցուն կից մշակութային կենտրոնում գործող Հայ օգնության միության հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ այսօր ուսանում է մոտ 60 հայ աշակերտ: Շրջայցի ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացվել են դպրոցի գործունեությունը, աշակերտների նվաճումները, ինչպես նաև Սփյուռքի կրթական հաստատություններում առկա խնդիրները:

Մխիթար Հայրապետյանը ծաղիկներ է խոնարհել «Սանսեթ» այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այցի ընթացքում պատգամավորին ուղեկցել են «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, եկեղեցու և հուշահամալիրի ճարտարապետ Լեւոն Գյուլբենկյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայկական մյուս՝ Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ