fbpx
Քաղաքականություն

Կարծում եմ՝ որոշ դեպքերում պետք է քննարկվի Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը. Սուրեն Գրիգորյան

Այսօր ՔՊ-ի Facebook-ի էջի ուղիղ եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սուրեն Գրիգորյանը պատասխանել են քաղաքացիների հարցերին։ Քաղաքացի Ալեքսան Սողոմոնյանը հարցրել էր, թե չկա  արդյոք օրենք, որով կարելի է կարգի հրավիրել որոշ պատգամավորների, որոնք բացահայտ ցինիզմով անտեսում են, ոչ միայն պարետի որոշումները, այլև սղոցում քաղաքացիների նյարդերը։

«Այդպիսի օրենք կա և դա պարետի որոշումներն են և պատգամավորները այնքանով՝ որքանով հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ պետք է հետևեն նույն օրենքներին ու որոշումներին»,- պատասախնել է Մարիա Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝  չհետևելու պարագայում նրանց նկատմամբ պետք է կիրառվի նույն վարչական միջոցները՝ ինչ ՀՀ մյուս քաղաքացիների։

«Ինչը և տեղի է ունեցել: Հասկանում ենք՝ ում է հղում կատարում քաղաքացին իր հարցադրման մեջ: Երբ ոստիկանը կֆիքսի այդ խախտումը կկարողանա վարչական տույժ կիրառել: Ես ողջունում եմ, որ մենք, որպես հանրություն, ձևավորենք այդ անհանդուրժողականության մթնոլորտը որոշ մարդկանց՝ իրենց ընդունած որոշումներից վեր համարելու ինքնաընկալման նկատմամբ և ցույց տանք մեր վերաբերմունքը, որ դա անընդունելի է, ամոթալի է, հատկապես՝ ԱԺ պատգամավորի կողմից»,- հավելել է Մարիա Կարապետյանը:

Սուրեն Գրիգորյանը նշել է՝ հաշվի առնելով տուգանքի չափը, մտածում են՝ իրենք կարող են իրենց թույլ տալ այդ խախտումը կատարել, ինչը սխալ մտածելակերպ է եւ օրենքի հետ առևտրի մեջ են մտնում:

Քաղաքացի Արթուր Գալստյանը հետաքրքրվել էր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը, իրավունք ունի՞ «աջ ու ձախ ոտնահարել մարդու իրավունքները, ի՞նչ պատիժ է հասնում եւ արդյոք նա համապատասխանում է իր պաշտոնին»:

Այս հացին ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը ընգդծել էր, որ ոչ ոք, աջ ու ձախ, մարդկանց իրավունքները ոտնահարելու իրավունք չունի, այդ թվում նաեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։

«Կարծում եմ, որ այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման վարքագիծ դրսեւորելն առավել ամոթալի է և կասկածի տակ է դնում թե այդ անձը որքանով կարող է իր առաքելությունն իրականացնել, եթե ինքն այդ դրսևորումների առաջին կրողն է, որոնց դեմ պետք է պայքարեր: Այդ վարքագիծը կարող է նաև որոշ դեպքերում քննարկվել նրա պաշտոնավարման նպատակահարմարության տեսանկյունից»,- նշել է Սուրեն Գրիգորյանը։

Մարիա Կարապետյանը հավելել է, որ ԱԺ-ն կկատարելագործի իր մեխանիզմները, ինչի արդյունքում հանրային պաշտոնյաների վարքն ավելի խիստ սահմանափակումների կենթարկվի, քան՝ մյուս քաղաքացիների։

«ԱԺ պատգամավորները ունեն առաքելություն առաջնորդելու հանրությանը՝ իրենց վարքով, խոսքով և, այո, մարդու իրավունքները ոչ ոք չի կարող ոտնահարել եւ հատկապես՝ այդ հանձնաժողովի նախագահն օրինակելի պետք է լիներ»,- նշել է Մարիա Կարապետյանը։

Պատգամավորի խսոսքով՝ ԱԺ կանոնակարգում կա հնարավորություն հանձնաժողովի նախագահին զրկելու իր պաշտոնից և երկրորդը՝ Էթիկայի հանձնաժողովի կառուցակարգերը կատարելագործելու միջոցն է:

«Մենք պետք է ստեղծենք Էթիկայի հարցերի մշտական հանձնաժողով, որը նման հարցերը քննության կառնի և անհրաժեշտության դեպքում նաև Ազգային ժողովին կկարողանա խորհուրդ տալ՝ ինչպիսի պատժամիջոց կիրառել՝ այս կամ այն պատգամավորի նկատմամբ նրա վարքի համար»,- հավելել է Մարիա Կարապետյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ