Նաիրի Հունանյանը իրավական ընթացակարգով ազատ արձակվելու համար կարող է դիմել, բայց նա 20 տարի ուշացել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նշենք, որ վերջինս 1999 թվականի հոկտեմբերի 27-ին վարչապետ Վազգեն Սարգսյանի ազգային անվտանգության, պաշտպանության հարցերով խորհրդականն էր:
Քոչարյանի խոսքով՝ «Հոկտեմբերի 27»-ը այն հրեշավոր տեռորիստական գործողությունն էր, որը Հայաստանի ամբողջ հեռանկարը կասեցրեց, և դա տևեց 20 տարի:
«1999-ին ՀՀ ժողովուրդն ունեցավ հնարավորություն ձևավորել լեգիտիմ իշխանություն՝ հանձինս Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի: Ափսոսում եմ, որ այդ հնարավորությունը չտրվեց, որ այդ իշխանությունը կարողանա Հայաստանը տանել այնպիսի փոփոխությունների, որը մենք տեսնում ենք արդեն 20 տարի հետո: 20 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ձևավորեց այդպիսի իշխանություն, բայց այն գլխատվեց Նաիրի Հունանյանի և իր խմբի կողմից»,-ասաց Քոչարյանը։
Պատգամավորը նշեց, որ Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ նախաքննությունն իր նկատմամբ մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար Հայաստանին հասկանալու «հոկտեմբերի 27»-ին ինչ է տեղի ունեցել։
«Սկզբնական փուլում, իմ տպավորությամբ, Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները, տեսնելով, որ իրենց սպասված ակնկալիքը չկա, հոգեբանորեն պատրաստ էին համագործակցել նախաքննական մարմնի հետ, բայց ինքներդ էլ տեսաք, թե ինչպիսի խոչընդոտներ, վախեր առաջացան որոշ շրջանակների մոտ հնարավոր բացահայտումների առումով»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ տարբեր քաղաքական և ոչ քաղաքական շրջանակներ իրենց վախերից ելնելով ամեն ինչ անում էին, որ լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենար, կա՛մ տեղի ունենար իրենց ուզած ձևաչափի շրջանակներում:
«Նկատելի էր, որ այդպիսի վախեր ուներ նաև այն ժամանակվա իշխանությունը ներկայացնող համար մեկ իշխանավորը՝ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով: Այդ թիմից, եթե հիշում եք, կասկածյալներ կային, Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Քաղաքական պրոցեսներն այնպես գնացին հենց «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման առումով, որ ամեն ինչ արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից, որ այդ բացահայտումը տեղի չունենա: Ավելին, ամեն ինչ արվեց, որ վարչապետ դարձած Արամ Սարգսյանը ևս հնարավորություն չունենա հասնել «Հոկտեմբերի 27»-ի լիարժեք բացահայտման»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ եթե այսօր Նաիրի Հունանյանն ունի ինֆորմացիա, որն էապես հնարավորություն կտա իմանալու վերջապես, թե «Հոկտեմբերի 27»-ին ինչ է տեղի ունեցել, նախ պետք է հանդես գա այդ ասելիքով:
«Որևէ մեկը չի հավատացել, որ դա «ուչաստկովիի» գործ էր: Ռոբերտ Քոչարյանը պատահական չհնչեցրեց «ուչաստկովիի» մակարդակի մասին՝ խոսելով, որ դրա հետևում որևէ լուրջ ուժ թե քաղաքական, թե արտաքին քաղաքական չի կարող լինել:
Այսպիսի հրեշավոր հանցագործություն կատարած մարդը, որ մեզ 20 տարի զրկել է զարգացման հեռանկարից, հնարավորություն է տվել այլ ուժերի մեր երկիրը մտցնել կոռուպցիոն այնպիսի համակարգի մեջ, որ 20 տարի հետո միայն հնարավոր եղավ դրանից ազատվելու: Այդ օլիգարխիկ, կոռուպցիան համակարգն էր, որ պահում էր իշխանությունը, որ ընտրությունից ընտրություն սպասարկում էր իշխանական վերաշերտին: Այսօր էլ տեսնում ենք, թե այդ վերնաշերտն ինչպիսի կատաղի պայքար է մղում հնարավոր բացահայտումները խոչընդոտելու համար՝ լինի «մարտի 1», թե ԱԺ քննիչ հանձնաժողով»,-ընդգծեց հանձնաժողովի նախագահը: