Նոր կորոնավիրուսի համավարակի հաղթահարման հարցերով միջազգային գործընկերների հետ խորհրդատվությունների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանի հետ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է համաշխարհային տնտեսական գործընթացների վրա նոր կորոնավիրուսի վարակի ազդեցության գնահատման հարցում միջազգային մասնագիտական կարևորագույն այդ կառույցի դերակատարումը: Նախագահը բարձր է գնահատել կառույցի պատրաստած վերլուծությունը համաշխարհային տնտեսության վրա COVID 19 համավարակի ազդեցության վերաբերյալ։
Նախագահ Սարգսյանը հիշատակել է 2019թ. օգոստոսին իրենց հանդիպումը, երբ առաջարկել էր կառույցի կողմից պատրաստվող՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույցում վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում: Արմեն Սարգսյանն ասել է, որ այսօր, երբ նոր կորոնավիրուսի համավարակը համաշխարհային տնտեսության համար վերածվել է թերևս առաջնային մարտահրավերի, իր առաջարկությունն ավելի քան արդիական է և վերաբերելի աշխարհի բոլոր երկրների տնտեսություններին:
Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանի համար շատ կարևոր և արժեքավոր կլինի կառույցի կողմից մեր երկրի վերաբերյալ զեկույցի թարմացումը՝ ներառելով տնտեսության վրա COVID 19-ի ազդեցությունը, դրա հնարավոր հետևանքներն ու դրանց հաղթահարման վերաբերյալ առաջարկությունները:
Ջեյմս Ժանը նշել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման հարցում միջազգային համագործակցության ընդլայնման առումով լիովին համամիտ է Հայաստանի նախագահի հետ: Նա խնդրել է, որ նախագահ Սարգսյանը, որպես ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ, փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով խորհրդատվություններ նախաձեռնի խմբի անդամների հետ:
Ջեյմս Ժանը պատրաստակամություն է հայտնել նաև հնարավորինս արագ թարմացնել Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս և այլ հարցերի շուրջ նախագահ Սարգսյանի հետ խորհրդատվությունները կշարունակվեն նաև առաջիկա շաբաթների ընթացքում:
Նշենք, որ նախագահ Սարգսյանը դեռևս 2018թ. հոկտեմբերին Ժնև կատարած իր աշխատանքային այցի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել կառույցի կողմից Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաբերյալ զեկույց պատրաստելու մասին: Զեկույցը համապատասխան վերլուծությամբ և առաջարկություններով պատրաստվել և Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացվել 2019թ. սեպտեմբերին:
ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1964 թ ստեղծված մշտական միջկառավարական մարմին է։ Կառույցն իր գործունեությամբ աջակցում է զարգացող երկրներին՝ ինտեգրացվելու միջազգային առևտրում և համաշխարհային շուկայական և տնտեսական հարաբերություններում՝ առկա խնդիրները վեր հանելու և դրանց հաղթահարմանն ուղղված առաջարկություններ մշակելու միջոցով:
2019թ. հոկտեմբերին նախագահ Սարգսյանը ընտրվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի (UNCTAD Panel of Eminent Persons) նախագահ։ Խումբը խորհրդատվություն է տրամադրում առաջիկա տասը տարիներին առևտրի և զարգացումների տեսլականի, առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և լուծումներ։ Խմբի անդամներ են պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ ու փորձագետներ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։