Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում մասնավորապես ասվում է․
«Սերյան Օհանյանի ՊՆ նախարար եղած տարիներին որոշակի բարեփոխումներ իրականացվել են բանակում, այսինքն Սերժի համեմատ արդիականացման տարել են ուժերը։ Սակայն, դա ոչ թե մշակված ու կոորդինալ փոփոխության ենթարկված քաղաքականություն էր, այլև իներցիա։ Այդ իներցիան բոլոր նախարարների ժամանակ էլ եղել է։
Այնպես չէ, որ հիմա բանակը ռադիկալ փոփոխված է։ Դա կլինի, երբ պրոֆեսիոնալ բանակի անցնենք, գնենք բացառապես զարգացած ռազմական տեխնոլոգիաներ տարբեր երկրներից, ինքներս արտադրենք ռազմամթերք ու սպառազինություն, և իհարկե փոխվի բանակի կառավարման համակարգը՝ ներանձնային հարաբերությունների հիման վրա կառավարումը դուրս մղվի զորքերից և ներդրվի բարձր ստանդարտներ ու կանոնադրության գերակայություն։
Իհարկե, այս ամենը չի իրականացվել Սերյանի օրոք։ Եվ դրա հետ մեկտեղ շարունակվել է թե՛ թալանը, թե՛ բանակից փողով ազատվելը, թե՛ ոչ շարային ծառայությանը պիտանի մարդկանց զորակոչելը, թե՛ զորքի բարոյահոգեբանական վիճակի բացասական մակարդակը, թե՛ ռազմատեխնիկական սպառազինության ոչ արդյունավետ լինելը և հազար ու մի բան։ Սրանով հանդերձ, ես չեմ մեղադրի նրան դավաճան լինելու մեջ։ Սիստեմն էր այդպիսին։ Դա պրոռուսական կամ ռուսականի պրոտոտիպ բանակն է, որը չի կարող գործել այլ կերպ։ Հիմունքներն այդպիսինն են՝ կոռուպցիա և հովանավորչություն։ Բայց դա չի նշանակում, որ նրանից ոչինչ կախված չի եղել։ Նրանից շատ բաներ է կախված եղել։
Սերյանին դավաճանության մեջ կարելի է մեղադրել այլ պատճառներով. Նա մասնակից է եղել Մարտի 1-ին ՀՀ քաղաքացիներին զանգվածային գնդակահարելու հրաման տալու կամ սպանդը չկանխելու մեջ, նա մասնակից է եղել որպես համակարգող Շուշիի պաշտպանությանը, որը չի իրականացել և հանձնվել է թշնամուն։ Վերջապես, ըստ շրջանառվող լուրերի, նա մասնակից է եղել «Կոլցո օպերացիային», որպես սովետական սպա ընդդեմ Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող հայկական գյուղերի, որը, թերևս, վերջերս հերքել է։
Իսկ ներկայումս Օհանյանը խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարն է, որը նաև իրեն քննադատողի հանդեպ բռնություն կիրառեց՝ պատգամավորի ելույթի ընթացքում ջրի շշով հարվածելով նրան, Ազգային ժողովը վերածելով «մարտադաշտի»։
Հետևում է, որ այս ուժը խորհրդարան է եկել, ոչ թե ժողովրդավարություն հաստատելու կամ զարգացնելու նպատակով, այլ բռնության գնալու և սադրելու, որ բռնություն տեղի ունենա։ Իսկ ինչու՞ է Սերյանի ղեկավարած խմբակցությունն այս գործն իրականացնում։ Բոլորին հայտնի է, որ այդ խմբակցության պարագլուխները օրենքի հաստատման և ժողովրդավարության ամրապնդման հետևանքով հայտնվելու են ճաղերի ետևում։ Այսինքն նրանց մոտ գործում են պաշտպանվելու բնազդները, ինչպես նաև գիտակցաբար հակառակորդներին իրենց հավասարեցնելու՝ բռնության տանելու միջոցով, որպեսզի ժողովրդավարության բարձրագույն արժեքն իմաստազրկվի և իշխող քաղաքական միավորը ժողովրդի մոտ բարոյազրկվի ու թուլանա։
Իշխող ուժը պետք է կշռադատի և, չտրվելով սադրանքներին, իրականացնի թե՛ կառավարության ծրագիրը, որի մեջ բավականին ծանրակշիռ ու իրատեսական նախաձեռնություններ կան, թե՛ մարման տանի ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների աթոռները զբաղեցրած անձանց սանձարձակ պահվածքը, թե՛ ժողովրդի մոտ վստահություն ներշնչի, որ գնում է քաղաքական կայունացման, թե՛ միջազգային գործընկերներին առաջ վերահաստատի ժողովրդավարության մարտիկի ստանձնած իր դերը»։