Թարգմանիչ Զավեն Բոյաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժամանակակից հայկական կինոն գրեթե զուրկ է բարձրակարգ նմուշներից: Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան ռեժիսորական զույգի նոր աշխատանքը՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը, բացառություն է: Այստեղ հանդիպեցի մի շարք հատկանիշների, որոնք հազվագյուտ հյուրեր են այսօրվա մեր էկրանին: Փորձեմ թվարկել դրանք:
- Իրապատում սյուժեն, որ ներշնչված է բոլորիս ցնցած հրեշավոր պատմությունից՝ Գյումրիի ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովի գործած որքան դիվային, այնքան էլ առեղծվածային սպանդից, գեղարվեստական բազմաշերտ նյութի է վերածվել՝ շոշափելով փիլիսոփայական, քաղաքական, բարոյական, կրոնական տանջալի հարցադրումներ:
- Դրամատուրգիական նյութի էկրանային մատուցման մեջ ռեժիսորներին հաջողվել է արտասովոր հիբրիդ ստանալ՝ արտհաուսը խաչասերելով թրիլերին բնորոշ տարրերի հետ: Այս պոստմոդեռնիստական համադրումն անսպասելի և դրանով իսկ շատ հետաքրքիր արդյունք է տվել:
Ֆիլմի ոճաբանությունը հենված է իրական և սիմվոլիկ պլանների փոխլրացնող, համադրության վրա՝ այս երկու նժարի հավասարակշռությունը շարունակ պահպանելով: - Սայթաքուն թեման ներկայացված է խոհուն, զուսպ ու հայեցողական մոտեցմամբ. իսպառ բացակայում են պաթոսը, հրապարակախոսությունը, մելոդրամատիզմը:
- Ֆիլմի հեղինակները ներկա են ոչ թե իրենց ներկայացրած պատմության, այլ այն ուշագրավ ռեժիսորական կուլտուրայի, գեղագիտության մեջ, որով դրոշված է ֆիլմը:
- Երիտասարդ օպերատոր Արթուր Ուստյանի աշխատանքն անսպասելիորեն հասուն էսթետիզմ ունի:
Երաժշտությունն իմաստակիր է և տեղին. Վիվալդին աննման է, նոր, խորախորհուրդ չափում է բերում, իսկ Արամ Խաչատրյանի սակավածանոթ դաշնամուրային պիեսները դարձել են ֆիլմի հյուսվածքի օրգանական մասը: - Կերպարները կենդանի մարդիկ են, տպավորիչ և աշխատված, դերակատարների ընտրությունն անվրեպ է, դրվագային դերերն անգամ մշակված են (ողջույններս Քրիստինա Հովակիմյանին): Խոսքը բնական է ու հավաստի:
Այսքանից հետո զարմանալի չէ, որ Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը ներկայումս գործող այն սակավաթիվ հայ ռեժիսորներից են, որոնք ներկայացնում են մեր կինոն միջազգային ասպարեզում:
«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը Ռոտերդամում կայացած պրեմիերայից հետո փառատոնային շրջագայության է ելել»:
https://www.facebook.com/zaven.boyajyan/posts/2459693410773203