ՆԱՏՕ-ն դիտարկում է Ուկրաինային լրացուցիչ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը: Այդ մասին փետրվարի 14-ին Բրյուսելում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Նա հայտնել է, որ դաշնակիցները Բրյուսելում ոչ պաշտոնական նախաճաշ են անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակի հետ: Հանդիպմանը հաստատվել է Սև ծովում կալանված ուկրաինական նավերը և նավաստիներին ազատ արձակելու ՌԴ-ին ուղղված կոչը: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները քաղաքական ու գործնական աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, այժմ մենք մտածում ենք, թե էլ ինչ կարող ենք անել… Մենք դիտարկում ենք Սև ծովում ներկայության հետագա ընդլայնման հնարավորությունը: Մոտ օրերս Սև ծովում մեր նավերը կմասնակցեն զորավարժությունների»,- ասել է Ստոլտենբերգը լրագրողներին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: