ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:
Նախագծերից մեկով առաջարկվում է հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման կարգը: Նոր իրավական կարգավորմամբ նախատեսվում է սահմանել նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:
Հանրային քննարկման դրված երկրորդ նախագծով առաջարկվում է սահմանել պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության, խմբերի դասակարգման չափանիշները։ Առաջարկվում է հաստատել հաստիքացուցակի ձևավորման գործակիցներ` հաշվի առնելով խմբերի քանակը:
Անհավասար մոտեցումը փոխարինել միասնական մեթոդաբանությամբ
Նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորումը կարգավորող միասնական իրավական ակտեր մինչ այժմ չեն գործել, որի հետևանքով ուսումնական հաստատությունները նույն ծառայությունը մատուցելու համար ստացել են հաճախ միմյանցից կտրուկ տարբերվող ֆինանսավորում:
Հաշվի առնելով, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնականում գործում են համայնքների ենթակայությամբ` ոլորտի ֆինանսավորումն առավելապես կախված է եղել համայնքների սահմանափակ ֆինանսական հնարավորությունից և որոշակի վերաբերմունքից: Ըստ կատարված ուսումնասիրության` ֆինանսավորման համար ներկայումս մի դեպքում ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, որի հետևանքով ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են:
Առաջարկվող նոր իրավական կարգավորումները նպատակ ունեն կանոնակարգել դաշտը՝ առաջարկելով նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն, որն առաջին փուլում կգործի իբրև պետական բյուջեից ֆինանսավորման կարգ, բայց հետագայում կարող է ուղենշային հանդիսանալ ոլորտի ֆինանսավորման համար ընդհանրապես։
Մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման բանաձև
Առաջարկվում է պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կատարել հետևյալ բանաձևով. հաշվարկել հաստատության ֆինանսավորման չափը, այնուհետև տարեկան ֆինանսավորման չափը բաժանելով այդ հաստատության սաների միջին տարեկան քանակի վրա, ստանալ պետական բյուջեից մեկ սանի համար տրվող ֆինանսավորման գումարը (սաների միջին տարեկան քանակը հաշվարկվում է հունվարի 1-ի դրությամբ սաների քանակի կրկնապատիկի և սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստացի քանակի հանրագումարը հարաբերելով 3-ի)։
Ընդ որում, որպես հաստատության վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափ առաջարկվում է ընդունել ներկայումս Երևան քաղաքի նախադպրոցական հաստատությունների աշխատողների վարձատրության չափին համարժեք մեծություններ, իսկ պահպանման տարեկան ծախսերը՝ ուսումնասիրության արդյունքում ձևավորված միջին մեծությունները։
Հաստատության աշխատավարձի և պահպանման ֆինանսավորում
Նախադպրոցական հաստատության անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է կառավարության սահմանած պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության չափանիշներին համապատասխան՝ մեկ դրույքի բազային աշխատավարձի նկատմամբ կիրառելով 1-1,3 գործակիցներ:
Վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության մեկ դրույքի համար բազային աշխատավարձը հաշվարկվում է 93.300 ՀՀ դրամ:
5 և ավելի խումբ ունեցող հաստատության տնօրենի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի են 1,15, իսկ 10 և ավելի խումբ ունեցողի համար՝ 1,3 գործակիցները:
10 և ավելի խումբ ունեցող հաստատության գլխավոր հաշվապահի և բուժքույրի մեկ դրույք աշխատավարձի համար կիրառելի է 1,15 գործակիցը։
Բարձրլեռնային բնակավայրերի համար առաջարկվում է նախատեսել լրավճար:
Հաստատության պահպանման տարեկան ծախսերի մեջ ներառվում են էլեկտրոմատակարարման, գազի, ջեռուցման, աղբահանության, կապի, տնտեսական և ուսումնական, ինչպես նաև սննդի և այլ ծախսեր, որոնց հաշվարկման համար սահմանվում են որոշակի բանաձևեր և չափեր:
Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ
Ըստ տվյալ ուսումնական հաստատություն հաճախող կրթության և զարգացման առանձնահատուկ կարիքով սաների թվի` առաջարկվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` հաստատության տարեկան ֆինանսավորման 1-4 տոկոսի չափով:
Նոր կարգի ներդրման ժամանակացույց
Հաշվի առնելով, որ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսավորման նոր կարգի ներդրման հետևյալ ժամանակացույցը` ըստ առաջնահերթության հետևյալ խմբերի համար.
- 2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ անապահովության սահմանային միավորից 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
- 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
- 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցողների համար,
- 2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։
Նախագծով վերոնշյալ խմբերին ըստ ժամանակացույցի պետական բյուջեի միջոցներից կտրվի ֆինանսավորում` նոր կարգի պահանջներին համապատասխան:
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական հաստատություններում երեխաների թվի ընդգրկվածությունը մեծացնելու ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությամբ:
Ներկայացված նախագծերի վերաբերյալ շահագրգիռ կառույցներն ու անհատները իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի ապրիլի 9-ը:
Նպատակը` 70 տոկոս ընդգրկվածություն
Հանրակրթության ոլորտում կառավարության ծրագրային նպատակներն են՝ բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության` 2018 թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Որպես հիմնական պատճառներ նշվել է, որ երեխայի մայրը չի աշխատում` 39.5%, մանկապարտեզ չկա` 11.3%, իսկ դրանից օգտվելը թանկ է և նախադպրոցական հաստատությունը փակ է՝ 2.1%։
Նշենք, որ 2019 թվականի համեմատ 2020 թվականին նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունն ավելացել է 6 %-ով։