Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի (Սենատ) պատգամավորները երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դստերը՝ Դարիգա Նազարբաևային ընտրել են Սենատի նախագահ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին: Նոր խոսնակի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սենատի նախկին նախագահը Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո ստանձնել է նախագահի լիազորությունները:
«Դարիգա Նազարբաևան ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահ»,- հայտնել է պալատի փոխխոսնակ Բեկտաս Բեկնազարովը:
Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը 55 տարեկան է: 2016 թ. սեպտեմբերից նա խորհրդարանի Վերին պալատի պատգամավոր էր, գլխավորում էր Միջազգային հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովը:
Հիշեցնենք` Նախագահ Նազարբաևը 30 տարի ղեկավարելուց հետո երեկ հրաժարական է տվել Ղազախստանի նախագահի պաշտոնից։