fbpx
Մշակույթ

Ես միշտ շեշտել եմ, որ դերասանուհի եմ, ով երգում է․ Նազիկ Բաղդասարյան

Azat TV-ին զրուցել է դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի հետ։

– Նազիկ, դուք մասնագիտությամբ դերասանուհի եք, բայց վերջերս հաճախակի հանդես եք գալիս որպես երգչուհի, ինչպե՞ս դա ստացվեց:

– Երգել միշտ եմ երազել, նույնիսկ, երբ փոքր երեխա էի: Հետո ընդունվեցի թատրոն որտեղ երգն ու պարը շատ-շատ էր իմ կյանքում, բայց դա ինձ համար քիչ էր: Տանը բալիկիս քնեցնելիս շատ էի երգում։ Ամուսինս մի օր չդիմացավ և ինձ համար խենթանալու առաջարկ արեց։ Ասաց՝ «Արիի անենք մի պրոեկտ, որ հայտնի է ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում նման բան չեն անում»: Այդտեղից էլ ծնվեց մեր պրոեկտը, որը կոչվեց «բնական արձագանք», և ես առ այսօր զբաղվում եմ այդ հրաշալի նախագծով:

– Չեք վախենու՞մ, որ ձեզ կսկսեն ընկալել որպես երգիչ, այլ ոչ թե դերասանուհի։

– Հենց առաջին պահից ինչ սկսեցինք նկարահանել իմ երգերի հոլովակները, ես միշտ շեշտել եմ, որ դերասանուհի եմ, ով երգում է: Դա միշտ եմ շեշտում, քանի որ դա իմ մասնագիտությունն է, բայց, ամեն դեպքում, երկուսն էլ իրար կապակցված են, և երկուսնել անասելի շատ եմ սիրում:

– Երբ նոր էիք սկսում երգել և տեսահոլովակներ նկարել, վախ ունեի՞ք, որ հնարավոր է լինեն վատ արձագանքներ և ինչպե՞ս էիք պատրաստ ընդունել այդ արձագանքները:

– Ես նույնիսկ մինչ այսօր ամեն հոլովակից և ելույթից հետո վախով սպասում եմ, որ միգուցե և լինեն վատ արձագանքներ և, իհարկե, հոգեպես պատրաստվում եմ նաև վատ արձագանքին: Իհարկե, մարդիկ բոլորը չեն կարող նույն կարծիքն ունենալ, բայց անկեղծ դեռևս չեմ լսել կամ կարդացել վատ մեկնաբանություն, որը շատ ավելի է պարտավորեցնում և ոգևորում:

– Ձեր հարցազրուցներում բազմիցս նշել եք, որ ձեր կյանքում ամենակարևորը թատրոնն է, և դուք ընտրել եք Պատանի հանդիսատեսի թատրոնը, ինչու՞ հենց այդ թատրոնը։

– Այո, ես տասը տարուց ավել Պատանի հանդիսատեսի թատրոնում եմ: Երբ ավարտեցի թատերականը, պատահաբար հայտնվեցի այնտեղ ու առ այսօր ստեղծագործում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Ինձ համար շատ կարևոր է, որ դերասանը կայանա հենց թատրոնում, այդ պատճառով շատ կարևորում եմ թատրոնում ստեղծագործելը։

– Ըստ ձեզ՝ ի՞նչ բաց կողմեր ունի այսօր թատրոնը։

– Այսօր թատրոնները շատ ավելի լավ վիճակում են, քան մի քանի տարի առաջ: Կարծում եմ՝ մշտապես հանդիսատես ունենալու համար թատրոնը պիտի քայլի ժամանակին հավասար, բեմադրվեն այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան գերժամանակակից լուծումներ, էսթետիկա, որակ ու դերասանական բարձր մակարդակի խաղ։ Միայն այդ դեպքում թատրոնը նույնչափ հետաքրքիր կլինի ժամանակակից սերնդին, որքան կինոն:

– Ֆիլմերում և սերիալներում դուք քիչ եք ներկայանում, ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք քիչ են հրավերները։

– Այո, ես քիչ եմ ներկայանում սերիալներում և ֆիլմերում։ Պատճառը այն է, որ ինքս չեմ ուզում։ Ես երջանիկ եմ այնքանով, որ անում եմ այն, ինչ սիրտս է ուզում, իսկ սերիալները միշտ մերժել եմ, չնայած, եթե գեղեցիկ սցենարով սերիալ նկարահանվի, որը չի տևի մի քանի տարի, հրավերքի դեպքում անպայման կհամաձայնեմ:

– Կա՞ դեր, որը երազում եք խաղալ, բայց դեռ պատրաստ չեք։

– Իմ մեծ երազանքն է խաղալ մյուզիքլում։ Դեր, որին պատրաստ լինել կամ չլինել, չեմ կարծում, որ դա դերասանի համար է: Դերասանը կարող է 20 տարեկանում խաղալ 50 տարեկան կնոջ դեր կամ հակառակը։ Այնպես որ ես միշտ պատրաստ եմ ցանկացած դեր խաղալու:

– Տարածված կարծիք կա, որ արվեստագետները պետք է կարողանան ամեն ինչ անել։ Ըստ ձեզ՝ ի՞նչ չի կարող անել ժամանակակից թատրոնի դերասանը։

– Այո, դերասանը պիտի կարողանա անել ամեն բան բեմի վրա՝ երգել, պարել, ունենալ բեմական շարժում, պլաստիկա և այլն: Մեզ մոտ, ցավոք, քիչ են այն դերասանները, ովքեր պարում կամ երգում են, բայց չէ որ դա էլ մեր մասնագիտության մի մասն է կազմում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ առարկաների դասընթացներ են բացակայում այսօրվա կրթության մեջ։

– Թատերականում շատ ճիշտ կլիներ, որ կրթեին ոչ միայն թատրոնի դերասանի, այլ նաև կինոյի: Դերասանն ավարտում է և ֆիլմերում նույնպես հանդես է գալիս, իսկ այդ բացը կա մեզ մոտ։ Շատ դերասաններ նույնիսկ տեսախցիկի հետ աշխատել չեն իմանում, որն, իհարկե, այդքան էլ ճիշտ չէ:

– Եվ վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են դերասան դառնալ:

– Այսօր շատ հեշտ են դերասանի մասնագիտությունն ընտրում։ Պատճառն այն է, որ, երևի, հայտնի լինելու մոլուցքն է նրանց տանում այդ ճանապարհով: Եթե ուզում են դառնալ դերասան, ամենակարևորը շատ պիտի աշխատեն, կրթվեն, կարդան, լինեն անկեղծ ու երբեք չվազեն հայտնիության հետևից:

Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ