Այս տարվա 11 ամիսների տվյալներով Հայաստանում արտահանումն աճել է 9 տոկոսով: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող իր ասուլիսում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց կանխատեսմամբ տարվա կտրվածքով արտահանումը կլինի 9-10 տոկոսի սահմաններում:
Նրա խոսքով՝ կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխատատոինը՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութերը՝ 16,8 տոկոսով, անմշակ ոսկին՝ 31, շոկոլադի արտահանումը՝ 14,6 տոկոսով, մրգային գինիները՝ 75 տոկոսով խաղողի գինիները՝ 26 տոկոսով և ոսկեգործական իրերը՝ 19 տոկոսով:
«2020 թվականին նույնպես ունենալու ենք արտահանման 10 տոկոս աճ: Այսինքն արտահանումը շարունակելու է լինել մեր մշակող արդյունաբերության հատկապես այն քաշող ուժը, որ պետք է նպաստի տնտեսության աճին»,-ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Նախարարն ասաց, որ 2019-ին ավելացված արժեքի հետաձգման և մաքսատուրքից ազատման արտոնություն է տրվել 57 ծրագրերի, որոնց ներդրումային արժեքը կազմել է 221 մլր դրամ։
«Նախատեսված է, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեն 3320 նոր աշխատատեղ: Տրամադրվել է 14,8 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն: Ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնությունը կազմել է 10,1 մլրդ դրամ»,-հավելեց նա:
Անդրադառնալով ներգնա զբոսաշրջությանը՝ նախարարը նշեց, որ 2019-ի 9 ամսվա արդյունքներով այս ոլորտում կան 14,4 տոկոս աճ: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այդ աճը մեծ չափով այնպիսի երկրներից այցելողների հաշվին է տեղի ունեցել, որտեղից այցելությունները 30-40 տոկոսը գերազանցում են։
«Օրինակ Գերմանիայից այցելություններն աճել են 40 տոկոսով, Ֆրանսիայից՝ 21 տոկոսով, Նիդերլանդներից՝ 23 տոկոսով: Նաև ԵՏՄ երկրներից այցելողների աճ կա»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ 2020 թվականի ընթացքում կլինի ոչ պակաս չափով ներգնա զբոսաշրջության աճ: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ակնկալում են, որ 2019-ը կամփոփվի 15 տոկոս աճով: