fbpx
ՏՏ

Ներկայացվել է Հայաստանի բլոկչեյն պոտենցիալը

Այսօր Երևանում մեկնարկել է Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որին մասնակցում է շուրջ 350 մասնակից եւ 35-ից ավելի խոսնակ՝ 20 երկրներից:

Երկօրյա միջոցառման կազմակերպիչ Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը նշել է, որ ասոցիացիան կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա՝ տեխնոլոգիական համայնքի ձևավորում, կրթական ծրագրերի իրականացում, կարգավորող քաղաքականության մշակում, աջակցություն գործարարությանը:

Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։

«Ցավոք, այսօր խոսում ենք ոչ թե հաջողության պատմությունների, այլ միայն բլոկչեյնի պոտենցիալի մասին, որն առկա է Հայաստանում: Հույս ունեմ, որ այս պատկերը շուտով կփոխվի, քանի որ ունենք մեծ ներուժ և շատ զարգացած ՏՏ ոլորտ»,- ասել է նա:

Ըստ Վիգեն Առուշանյանի՝ բլոկչեյնի մասին խոսելու դեպքում պետք է չմոռանալ նաև մայնինգի մասին:

«Այստեղ ևս մեր երկիրն ունի մեծ պոտենցիալ, քանի որ առկա են էներգետիկ (հատկապես՝ կանաչ) ռեսուրսներ: Միակ բանը, որը խանգարում է զարգացնել ոլորտը, իրավական շրջանակի բացակայությունն է: Մենք այն չունենք: Եթե ուզում ենք, որ մեծ ընկերությունները, ինստիտուցիոնալ ներդրողներն իրենց հայացքն ուղղեն դեպի Հայաստան, նրանք պետք է տեղյակ լինեն, թե ինչ օրենքներ են գործում մեր երկրում: Մենք ունենք մի շարք բլոկչեյն գործընկերներ, որոնք սպասում են այդ օրենսդրության հաստատմանը»,- ընդգծել է Վիգեն Առուշանյանը:

«Բոլոր կառավարություններն իրար նման են, նրանք խուսափում են նորություններից և կարծում, որ արգելելն ավելի հարմար է: Հարկավոր է անընդհատ խոսել նրանց հետ, բացատրել, մինչև նրանցից որեւէ մեկը սկսի հետաքրքրվել տեխնոլոգիայով: Սա գործընթաց է, որը մենք իրականացրել ենք Ուկրաինայում»,- նշել է Ուկրաինայի բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Միքայել Չոբանյանը:

«Չենք կարող տարանջատել կրիտոարժույթները և բլոկչեյնը: Հույս ունեմ, որ Հայաստանը շուտով կունենա օրենսդրական կարգավորում՝ այս հարցի հետ կապված»,- հավելել է DeStream ընկերության հիմնադիր Տաճատ Իգիթյանը

Աղբյուր՝ itel.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ