fbpx
Քաղաքականություն

Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկ շարունակվող «Սասնա Ծռեր 2» քրեական գործով դատական նիստի ընթացքում շատ ուշագրավ հայտարարություն է արել խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, ում մեղադրանք է առաջադրվել 2016-ին ՊՊԾ գունդը գրավելու կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով, (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) ու 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (սպանություն):

Երբ դատավոր Պետրոս Մակյանը փորձել է պարզել ամբաստանյալների վերաբերմունքը համաներման վերաբերյալ, թե արդյո՞ք ընդունում են այն, Սմբատ Բարսեղյանը բավականին վրդովված արձագանքել է.

«Ներողն ո՞վ ա է. Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը: Փաշինյանը պաշտոնների ա նշանակում եսիմ ում, ովքեր ոչ մաքուր անցյալ ունեն: Թող մի հատ էդ վերանայի»,- ասել է Բարսեղյանը, ապա անդրադառնալով դատարանի այն հարցադրմանը, թե, ի վերջո, կո՞ղմ է համաներմանը, թե՞ ոչ, կտրուկ պատասխանել է`թքած ունեմ»:

Ի դեպ, խմբի բոլոր անդամներն էլ այն կարծիքին են, որ իրենք ոչինչ չեն արել, որի համար պիտի ներում ստանային, իրենք իրագործել են, ըստ իրենց, ժողովրդի կամքը:

Պետք է նշել, որ զիված խմբի գրեթե բոլոր անդամներին, բացառությամբ նրանց, ում նաև սպանություններ են վերագրվում, առաջադրված են գրեթե նույն մեղադրանքները:

Վստահ ենք, որ հիմա ֆեյսբուքյան տիրույթում մեկնաբանությունների պակաս չի լինի առ այն, թե «Ծռերը» անշնորհակալ են, վարչապետ Փաշինյանը նրանց ներում է շնորհել, ի վերջո, նրա բարի կամքով այսօր խմբի զգալի մասի խափանման միջոցներն է փոխված, և նրանք ազատության մեջ են, բայց չեն գնահատում այն, ինչ իրենց համար արվել է:

Միգուցե և ասվածի մեջ ճշմարտության հատիկ կա, բայց եթե ընդունենք, որ առհասարակ ցանկացած գործարք երկու շահառու է ունենում, ուրեմն դժգոհողներ էլ չպիտի լինեն:

Որքան էլ որ վարչապետ Փաշինյանը համաներմամբ «Սասնա ծռերի» ազատ արձակումը մեկնաբանում է ազգային համերաշխության համատեքստում, ակնհայտ է, որ նրա այդ քայլը պարզապես միտված էր արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ծռերի» համակիրների բարեհաճությունն ունենալուն և ընտրությունների ժամանակ այդ մի քանի տոկոս ձայնից չզրկվելուն:

Վարչապետ Փաշինյանը բազմիցս է ասել, որ իր դիրքորոշման մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, և ինքը ինչպես 2016թ-ին էր դեմ բռնությանը, այնպես էլ այժմ է կարծում, որ մեր քաղաքական կյանքում բռնությունը չպետք է տեղ ունենա, սակայն «Ծռերի» վրա համաներման տարածումը ոչ մի կերպ չի տեղավորվում նրա նշած այս գաղափարախոսության մեջ: Պարզապես ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչապետին, թերևս, ոչ թե 82, այլ 87 տոկոս վստահության քվե է պետք, իսկ այս դեպքում նպատակն արդարացնում է միջոցը:

Ու եթե ճիշտ են լուրերն այն մասին, թե մարզային այցելություններից մեկի ժամանակ «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ եթե իշխանություններն իրենց` դեռևս քրեակատարողական հիմնարկում գտնվող ընկերներին ազատ չարձակեն, ապա իրենք անպայման դա կանեն ժողովրդի հետ, ուրեմն գործող իշխանություններն իսկապես լուրջ խնդիր ունեն:

Եթե նախորդ իշխանությունները ժամանակին մեղադրանք առաջադրելիս չկաշկանդվեին, ու «Ծռերի» գործողություններն ահաբեկչություն որակվեին, ապա այսօր երևի նրանց հռետորաբանությունն այլ կլիներ:

Ինչևէ, վիճակը նետված է, իսկ գնդակն այժմ իշխանությունների դաշտում է, և թե ինչպիսին կլինեն «Ծռերի» հետագա գործողությունները, մեծապես կախված է մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Աղբյուր՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ