fbpx
Քաղաքականություն

Լրատվական կայքերում առաջարկվում է արգելել գովազդը

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծով փորձ է արվելու հնարավորինս սահմանափակել տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծով նախատեսված է, որպեսզի հեռուստառադիոեթերում գովազդ լինի ժամը 24։00-ից մինչև 06։00-ը։ Լոտոների գովազդները կարող են հեռարձակվել 23։00-ից մինչև 06։00-ն»,- ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ այսօր նշեց նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Նա նշեց, որ վերջնական արդյունքում տոտալիզատորների և վիճակախաղերի մասին գովազդներ չպետք է լինեն նաև լրատվական կայքերում։

«Այնտեղ, որտեղ թույլատրվում է գովազդը, պետք է տեսանելի լինի 21+ նշագրումը։ Հայաստանում լիցենզիա չունեցող վիճակախաղերը, տոտալիզատորները իրավունք չունեն գովազդ անել։ Այս օրենքով մենք նաև բացառում ենք արտաքին գովազդը»,- ասաց պատգամավորը հույս հայտնելով, որ պատգամավորները կողմ կքվեարկեն նախագծին։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Հրաչյա Հակոբյանից հետաքրրքվեց՝ ի՞նչ կարգավորումներ են լինելու հատկապես լրատվական կայքերում գովազդների մասով, որոնք, նրա խոսքով, թույլ չեն տալիս նյութ ընթերցել։

Հրաչյա Հակոբյանը պարզաբանեց, որ թեև վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդել վիճակախաղը, սակայն դրա գովազն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական, լրատվական կայքերի միջոցով։

Հարակից զեկուզող, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Թամազյանն իր հերթին նշեց, որ նախագիծը բավականին մեծ քայլ է խնդրի կարգավորման ուղղությամբ։

«Նախագծի փոփոխություններին մեծ մասնակցություն է ունեցել նաև ՄԻՊ գրասենյակը, որի կողմից ներկայացված առաջարկներով վիճակախաղերի կազմակերպիչներին ուղղված մի քանի արգելք կուզեի նշել, օրինակ, որևէ կերպ դիմել անչափահասներին, տպավորութուն ստեղծել, թե վիճակախաղի մասնակցելն ապահովում է պարբերական եկամուտ ստանալու հնարավորություն»,- ասաց կառավարության ներկայացուցիչը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին։

ՀՀԿ խմբակցությունից Խոսրով Հարությունյանն էլ նշեց, որ ինքը մնում է այն համոզմանը, որ վիճակախաղերի գովազդները պետք է խստորեն սահմանափակվեն։

«Մենք հանձնաժողովում քննարկում ենք գովազդն ընդհանրապես հանելու հարցը, սակայն հաշվի առնելով հեռուստաընկերությունների ֆինանսական խնդիրները՝ որոշել ենք այս սահմանափակումն առաժմ թողնել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու փաստաթուղթը դրական եզրակացությամբ ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու համար։

Աղբյուր` Panorama.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ