Հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Նյու Յորքում, որի հետեւանքով շարքից դուրս են եկել մետրոյի եւ քաղաքամերձ երկաթուղու մի քանի գծեր, վարորդները դժվար վիճակի մեջ են հայտնվել ավտոճանապարհներին, նկուղները լցվել են ջրով, մի քանի ժամով փակվել են LaGuardia օդանավակայանի տերմինալները, տեղեկացրել է The Associated Press-ը։
Ուրբաթ երեկոյան Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի շրջանում 21,97 սանտիմերտ տեղումներ են եղել, ինչը գերազանցել է 1960թ. սեպտեմբերի ռեկորդը «Դոննա» փոթորկի ժամանակ, տեղեկացրել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Շաբաթ օրն սպասվում են նոր տեղատարափ անձրեւներ։
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ տեղեկություն են ստացել վեց նկուղային բնակարանների հեղեղման մասին, բայց բոլոր բնակիչները բարեհաջող դուրս են եկել դրանցից։
Նահանգապետ Քեթի Հոչումը եւ քաղաքապետ Էրիկ Ադամսը արտակարգ դրություն են հայտարարել եւ մարդկանց կոչ արել որքան հնարավոր է մնալ տներում։
Ազգային օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբան Ռոս Դիմկանի խոսքով՝ «Օֆելյա» մերձարեւադարձային փոթորկի մնացորդներն Ատլանտյան օվկիանոսում, գումարվելով միջին լայնությունների համակարգին, որը գալիս է արեւմուտքից, նպաստել են փոթորիկների առաջացմանը։ Այս համակցված փոթորիկը Նյու Յորքում մնացել է 12 ժամ։
Դիմկանի խոսքով՝ օդերեւութաբանական ծառայությունը զգուշացրել է 7,5-13 սանտիմետր տեղումների մասին եւ հայտնել արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներին, որ որոշ տեղերում սպասվում են ավելի քան 15 սանտիմետր տեղումներ։