fbpx
Հասարակություն

Նիկոլա Ազնավուրը բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված

Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը, ով նաև «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, բաց նամակ է հղել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ պայքարում:

Նամակը հրապարակվել է «Ազնավուր» հիմնադրամի Facebook-ի էջում՝ ֆրանասերենով, հայերենով, անգլերենով և ռուսերենով:

«Վերջին յոթ օրերը ծանր էին, ողբերգական, մարտահրավերներով լի, բայց և հուսադրող ու ապրեցնող: Մենք ամեն օր արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտվել է, և քնում՝ հուսալով, որ սա վերջին օրն էր:

Ինչպես սիրում էր ասել հայրս՝ Շառլ Ազնավուրը, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի: Նրա և մեր ողջ ընտանիքի համար Հայաստանը միշտ կարևոր նշանակություն է ունեցել, ինչն առիթ դարձավ, որ ես միանամ հորս՝ ստեղծելու «Ազնավուր» հիմնադրամը Հայաստանում:
Եթե հայրս իրեն համարում էր միայն ֆրանսիացի և հայ, ապա ես ավելի՛ շատ ինքնություններ ունեմ, որոնք կերտել են ինձ. իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս երկրներից յուրաքանչյուրն իր հերթին ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ: Այսօր ես վճռականորեն դիմում եմ այդ և մյուս պետությունների առաջնորդներին՝ կոչ անելով կանգնել ահաբեկչության դեմ պայքարող փոքր և քաջ ազգի կողքին:

Իմ նախնիները 100 տարի առաջ վերապրեցին Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր Թուրքիան ցանկանում է ևս մեկ ոճրագործություն իրականացնել Ադրբեջանի և վարձկան-ահաբեկիչների միջոցով:
Ագրեսորներն օգտագործում են արգելված զինամթերք և թիրախավորում խաղաղ բնակչությանը, անմեղ երեխաներին և լրագրողներին: Կարծում եմ՝ ահաբեկչական այս ագրեսիան ոչ միայն հայերի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված սպառնալիք է։ Ուստի այն երկրները, որոնք խաղաղության պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի բանաձևեր ու կոնվենցիաներ են ստորագրել, պետք է իրենց վճռական դերակատարումն ունենան՝ դադարեցնելու արյունահեղությունն ու բռնությունը:

21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ մարդկային կյանքերից ավելի կարևոր բան չկա։ Այնուամենայնիվ, հայ ազգն այսօր ստիպված է պաշտպանել գոյության իր իրավունքը ՝ առանց գործուն աջակցություն ստանալու նրանցից, ովքեր խթանում են մարդու իրավունքները և խաղաղությունն աշխարհում:
«Ազնավուր» հիմնադրամը կանգնած է հայ ժողովրդի կողքին. մենք կենտրոնացրել ենք մեր ուժերը մարդասիրական օգնություն տրամադրելու համար և պատրաստ ենք աջակցել այն ամենով, ինչով կարող ենք:
Թեև հայերը սփռված են ամբողջ աշխարհով, միևնույնն է՝ մենք մե՛կ ազգ ենք և մեկ ժողովուրդ ու դժվարություններն էլ հաղթահարելու ենք միասին»,- գրել է Նիկոլա Ազնավուրը:

https://www.facebook.com/aznavourfoundation/posts/945554842520635

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ