fbpx
Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է նոր մասնագիտացված ստորաբաժանում

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազի 2021թ. նոյեմբերի 16-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն և դադարեցվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության գործունեությունը:

«Մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցմամբ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ, որին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերապահվել է կոռուպցիոն հանցագործություններով ինչպես մինչդատական վարույթի, այնպես էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:

Համաձայն 2021թ. ապրիլի 14-ին ընդունված և ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել բացառապես օրենքով սահմանված կարգով բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք:

Իսկ ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ հրամանի համաձայն՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնում, այսինքն նշված նոր ստորաբաժանումն սկսում է գործել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության առնվազն 5 դատախազների նշանակման օրը:

ՀՀ գլխավոր դատախազի նոյեմբերի 22-ի հրամաններով նշանակվել են վարչության 8 դատախազներ: Վարչության պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը, որը մինչ այդ ղեկավարում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունը:

Մինչ այդ վարչության դատախազների պաշտոնների բոլոր թեկնածուները օրենքով սահմանված կարգով անցել են բարեվարքության ուսումնասիրություն: Դրանց արդյունքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները հաշվի են առնվել ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակումները կատարելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ