Այս գարնանը Ռուսաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող Դուբնա բնակավայրի լաբորատորիաներում սկսելու են քիմիական տարրերի մենդելեևյան աղյուսակի հերթական՝ 119-րդ և 120-րդ տարրերի հայտնաբերման աշխատանքները, և դրանք ղեկավարելու է հայազգի գիտնական Յուրի Օգանեսյանը: Իրադարձությանն իր ծավալուն հոդվածով անդրադարձել է Science Magazine պարբերականը:
«Այժմ ապրող որևէ այլ մարդ այդքան ներդրում չի ունեցել պարբերական աղյուսակի ճարտարապետության ձևավորման մեջ, որքան նա: Ահա թե ինչու է 118-րդ տարրը կոչվում Օգանեսսոն: Եվ նա դեռ չի վերջացրել», – ասվում է հայազգի գիտնականի վաստակը գնահատող հոդվածում:
Նշվում է, որ գիտնականի նախաձեռնությամբ այժմ Դուբնայում կառուցվել է 60 միլիոն դոլար արժողությամբ նոր համալիր, որի օգնությամբ էլ հենց այս գարնանը սկսվելու է նոր տարրերի որսը: