fbpx
Իրավական

Գյումրիի ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ նռնակները չպայթեցին

Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ օգոստոսի 28-ին, ժամը 19.30-ին, ոստիկանությունում ստացվել է ահազանգ:

«Գյումրիի մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակիցը հայտնում էր, որ գրասենյակ է զանգել 48-ամյա մի տղամարդ և ասել, թե ցանկանում է գումար կանխիկացնել իր հաշվից, ինչը մերժվել է, տղամարդն էլ սպառնացել է պայթեցնել գրասենյակը:

Շտապ դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողներն ու Շիրակացու փողոցում հայտնաբերել տղամարդուն: Տեսնելով ոստիկաններին` նա հայտնել է, որ բուքմեյքերական ընկերության հետ գումարային խնդիր ունի և ցանկանում է պայթեցնել գրասենյակը: Այնուհետև նա գրպանից հանել է նռնակի նմանվող առարկա և սպառնացել, որ եթե ոստիկանները մոտենան` իրեն կպայթեցնի: Ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում նա, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել Մուշի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել և վերցվել է նռնակի նմանվող երկու առարկա:

Տղամարդը հայտնել է, որ դրանք նռնակ են, որոնք 1990 թվականին իրեն տվել է հանգուցյալ ֆիդայի ընկերը, որի անունը չի հիշում:

Հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է:

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ