Ըստ ESC Congress 2022-ում ներկայացված հետազոտության, տասը մարդկանցից ինը բավարար չի քնում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ օպտիմալ քունը կապված է սրտի հիվանդության և ինսուլտի ավելի բարձր հավանականության հետ: Հեղինակները հաշվարկել են, որ սիրտ-անոթային այս հիվանդություններից 7-ը կարելի է կանխել, եթե յուրաքանչյուր մարդ բավականաչափ քնի:
«Քնի որակի և քանակի կարևորությունը սրտի առողջության համար պետք է սովորել վաղ տարիքից, երբ ձևավորվում է առողջ վարքագիծը: Գիշերային աղմուկի և աշխատանքային սթրեսի նվազեցումը կարող է օգնել բարելավել քունը», – ասում է հետազոտության հեղինակ դոկտոր Աբուբակարի Նամբիեման INSERM-ից:
«Քնի և սրտի հիվանդությունների վերաբերյալ նախկին հետազոտությունները հակված էին կենտրոնանալ քնի սովորության վրա, ինչպիսին է քնի տևողությունը: Բացի այդ, նախորդ ուսումնասիրությունները հաճախ գնահատում էին քունը միայն սկզբնական փուլում: Այս ուսումնասիրության մեջ մենք օգտագործել ենք առողջ քնի միավոր, որը միավորում է քնի հինգ սովորությունները: Գիտնականներն ուսումնասիրել են կապը քնի սկզբնական միավորների, ժամանակի ընթացքում քնի միավորների փոփոխության և սրտանոթային հիվանդությունների առաջացման միջև»,- նշել է մասնագետը:
Հետազոտությանը մասնակցել է 7200 մարդ՝ 50-ից 75 տարեկան տղամարդիկ և կանայք, ովքեր չեն տառապում սրտանոթային հիվանդություններից և հավաքագրվել են կանխարգելիչ բժշկական կենտրոնում 2008-ից 2011 թվականներին: Միջին տարիքը կազմել է 59,7 տարի, իսկ 62 տոկոսը տղամարդիկ են եղել։ Մասնակիցները ենթարկվել են ֆիզիկական զննության և լրացրել են հարցաթերթիկներ՝ կապված ապրելակերպի, անձնական և ընտանեկան հիվանդության պատմության ու առողջական վիճակների վերաբերյալ:
Հարցաթերթիկները օգտագործվել են քնի հինգ սովորությունների մասին տեղեկություններ հավաքելու համար սկզբնական փուլում եւ երկու հաջորդ այցելությունների ժամանակ: Յուրաքանչյուր կետին տրվել էր 1 միավոր, եթե այն օպտիմալ է եղել, և 0 միավոր, եթե ոչ: Առողջ քնի միավորը հաշվարկվել է 0-ից 5 սանդղակով, որտեղ 0-ը կամ 1-ը համարվում էր վատ, իսկ 5-ը՝ օպտիմալ: Օպտիմալ տարբերակի դեպքում մասնակիցները նշել են, որ գիշերը քնել են 7-ից 8 ժամ, երբեք կամ հազվադեպ են ունեցել անքնություն, չեն ունեցել հաճախակի ցերեկային քնկոտություն, չեն ունեցել քնի ապնեք(շնչառական խնդիր) և վաղ են արթնացել: Հետազոտողները 10 տարվա ընթացքում երկու տարին մեկ ստուգել են սրտի կորոնար հիվանդության և ինսուլտի առկայությունը:
Նրանք պարզել են, որ եթե բոլոր մասնակիցներն ունենան քնի օպտիմալ քանակություն, ապա հնարավոր է խուսափել սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի նոր դեպքերի 72 տոկոսից:

