fbpx
Առողջապահություն

Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը. թայ-չիի մարզիչ

Հավասարակշռությունը պահելուն ուղղված մարզումները երկարացնում են կյանքը, հավաստիացնում է թայ-չիի մարզիչ, «Ընկնելը տարբերակ չէ» գրքի հեղինակ Ջորջ Լոքերը։

Ինչպես նշել է Լոքերը The Guardian-ի հրացազրույցում, ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում մահանում են վնասվածքների հետեւանքով, որոնք ստանում են ընկնելիս, և նրանց մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք չեն կարողանում պահել հավասարակշռությունը։ Այդ պատճառով նրանք սկսում են վախենալ ֆիզիկական ակտիվությունից, և էլ ավելի են թուլանում ու կորցնում մարմինը կառավարելու հմտությունը։

Հավասարակշռության կորուստը սկսվում է 45 տարեկանից։ Հավասարակշռության կորստի համար պրոֆիլակտիկայով պետք է զբաղվել արդեն այդ տարիքում։

Ֆիզիոթերապեւտ Աննա Լոուն ավելացրել է, որ հասուն տարիքում կանայք դառնում են ավելի քիչ շարժուն, քան տղամարդիկ։ Ուստի նրանք պետք է ավելի ակտիվ լինեն, օրինակ՝ զբոսնեն շան հետ անհարթ ճանապարհներով կամ լայն քայլք անեն զբոսնելու ժամանակ։

Լոքերի խոսքով՝ հավասարակշռության պահպանման լավագույն միջոցներից մեկը թայ-չին է, որով զբաղվում է մոտ 50 մլն մարդ Չինաստանում եւ ավելի քան 150 մլն մարդ այլ երկրներում։ Թայ-չիի մարզումները չեն հոգնեցնում, բայց թույլ են տալիս կոորդինացիոն հմտություններ զարգացնել։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդամենը ութ շաբաթ դրանով զբաղվելը օգնում է տարեց մարդկանց սովորել պահել հավասարակշռությունը և չվախենալ ընկնելուց։ Առավել արդյունավետ վարժություններն են նրանք, որոնք պետք է կատարել մեկ ծալված ոտքով։ «Տարեց մարդկանց սովորաբար խորհուրդ են տալիս լվանալ ատամները՝ կանգնած մեկ ոտքի վրա, մյուսը՝ ծալած, որպեսզի ամրացվի հավասարակշռությունը եւ մարզվեն մկանները՝ մարմնի ստորին հատվածը պահելու համար»,- ասել է Լոքերը։

Օրական ընդամենը 15 րոպե զբաղվելը կարող է օգուտ բերել, բայց հնարավորության դեպքում պետք է ավելի երկար պարապել։ Գլխավորը հավասարակշռությունը պահել սովորելն է՝ մինչեւ խնդիրներ առաջանալը։ Ծանրություններով վարժությունները, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը կամ արշավներն ուսապարկով, օգտակար են առողջության համար։ Դրանց օգնությամբ կարելի է զարգացնել մկանները, մեծացնել ոսկրերի խտությունը, նվազեցնել Ալցհեյմերի եւ թուլամտության այլ տեսակների առաջացման հավանականությունը։

«Բոլորին խորհուրդ է տրվում փող հավաքել ծերության համար, բայց ոչ մեկին չեն սովորեցնում պահպանել հավասարակշռությունը։ Բայց թե՛ մեկը, թե՛ մյուսը դժվար է վերադարձնել, եթե արդեն կորցրել ես»,- ասել է Լոքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ