fbpx
Զինված Ուժեր

Պատիվ ունեմ ծրագիրը հնարավոր է չշարունակվի. Պապիկյանը չի շտապում գնահատական տալ

Չեմ շտապի այս պահին գնահատական տալ եւ ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց մենք համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք, որ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում նաեւ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու, որոնք նաեւ մեր իրավապահ մարմինների գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը դեռեւս նպատակահարմար չենք համարում: Բայց թեման քննարկել է եւ կարելի է այն լավարկել, բարելավել»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցում կոնցեպտուալ խնդիրներ էլ կան. «Ցանկացած երկրում սպայական դասը պետության կարեւորագույն հենասյուներից մեկն է եւ մենք օբյեկտիվ հանգամանքների բերումով այսօր մեր սպայական կազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, որոնք իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են: Սա անկխության առաջին տարիներին ընդունելի ու հասկանալի գործընթաց էր, բայց 30 տարվա արդյունքներով նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է: Սպայական դասը բոլորովին ուրիշ երեւույթ, սպայական դասը պետք է լինի սպայական դաս: Մենք հիմա բուհական փոփոխությունների համատեքստում քննարկում ենք, որ պետք է Հայաստանում պայմանական ասած, սպայական հաստատություն լինի կրթական, որը սովորական բուհերից կտարբերվի»,-ասաց Փաշինյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Դրանով առաջարկվում է ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: 6 ամիս պարտադիր զինծառայությունից հետո զինծառայողն իրավունք ունի 5 տարով պայմանագրային զինծառայության պայմանագիր կնքել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ