fbpx
Քաղաքականություն

Փարաքարում տեղի ունեցողն աբսուրդի թատրոն է. Վահագն Ալեքսանյան

Փարաքարում տեղի ունեցողն աբսուրդի թատրոն է՝ բառի բոլոր իմաստներով։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ուրեմն՝ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն և «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ստացել են 11 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 10:

Ավագանու առաջին նիստը սկսում է, նիստը վարում է տարիքով ամենամեծ ավագանին, ով ներկայացնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նիստին ապօրինաբար ներկա են գտնվում Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը, ովքեր նաև ցուցումներ են տալիս «Ապրելու երկրի» ավագանու անդամներին։

Ու էստեղից սկսում է աբսուրդը։ Նիստը վարող ավագանին հայտնում է՝ կա մեկ համայնքապետի թեկնածու՝ ներկայացված «Ապրելու երկրի» 10 ավագանիների կողմից։ ՔՊ-ի և մյուս դաշինքի 11 ավագանու անդամները ներկայացնում են ուրիշ՝ միասնական թեկնածու, ու, ուշադրություն՝ «Ապրելու երկրի» ավագանու անդամը հայտնում է, որ նման բան լինել չի կարող, որովհետև թեկնածությունը պետք է ներկայացնել գրավոր։ Ինչը ամրագրված չէ ոչ մի օրենքով։

Եվ երբ ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի մեծամասնություն կազմող ավագանիները ընդմիջում են խնդրում և փորձում խորհրդակցել իրավաբանների հետ, «Ապրելու երկրի» 10 ավագանիները «ընտրում» են իրենց թեկնածուին։ Դա էլ, ի դեպ, այն պարագայում, երբ քվորումի համար անհրաժեշտ է 11 ձայն, այսինքն՝ անհնար է 21 ավագանուց բաղկացած կազմի 10 հոգու մասնակցությամբ ընտրել համայնքապետ։

Հիմա էլ «Ապրելու երկրի» ղեկավար կազմը գնացել է համայնքապետարան, ու թե բա՝ դուք իշխանազավթում եք անում։

Դասականը կասեր՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է»,- գրել է Ալեքսանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ