3-րդ ու յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխային կվճարվի ամսական 50 հազար դրամ՝ մինչև տարեկան դառնալը: Որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրել է, որ որոշումը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ըստ նախարարի՝ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այս աջակցության վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա:
«Երրորդ երեխայի դեպքում արդեն մեր մոտ նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն: Այս որոշումը չի ազդում նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վրա»,- ասել է Փաշինյանը:
Բայց, ըստ վարչապետի, այս վճարումը ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա:

