Պարետը ձեռք է բերել պայմանավորվածություններ և գազի, հոսանքի անջատումներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան

Այսօր մարտի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցավ կառավարության հետ հարցուպատասխան, որի ընթացքում Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ շատ ահազանգներ են ստանում, որ կոմունալ վճարները ուշացնելու, մասնավորապես գազի հետ կապված անջատումներ են լինում:

Մարուքյանի հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի աջակցի այս մարդկանց, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Պարզ է, որ այս ժամանակարշջանում սոցիալական, տնտեսական աջակցության թեման ամենահրատապներից է, բայց ես ուզում եմ ուրվագծել Կառավարության մոտեցումը, որ այդ աջակցությունը պետք  է լինի հասցեական: Ես գոնե անձամբ լրագրողական գործունեության արդյունքում ցույց եմ տվել, որ նման էմոցիոնալ իրավիճակներում աջակցությունը ուղղորդվում է և դրանից ինչպես են  օգտվում ոչ թե կարիքավորները, այլ նրանք, ովքեր դրա կարիքը չունեն: Այսօր կա կոնտեքստ, որ եկեք կոմունալ վճարները հետաձգենք: Հարց՝ ինչո՞ւ պետական աշխատողների կոմունալ վճարները պետք է հետաձգվեն` նրանք աշխատավարձ են ստանում: Հարց՝ ապահովված խավի կոմունալ վճարները ինչո՞ւ պետք է հետաձգվեն: Կներեք, նույնիսկ սոցիալապես անապահով այն խավերի համար, որոնց կյանքում ոչինչ չի փոխվել, մարդը նպաստառու է ինչպես փետրվարին, այնպես էլ հիմա իր նպաստը նույն ձևով ստանում է:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, պարետը այս հարցում մշտական հաղորդակցության մեջ է եղել և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, եթե անջատել են մեկի գազը, ով ունի 2 մլն դրամի պարտք, ապա դա նշանակում է, որ մարդը ունի հնարավորություն և կարող է վճարել, և լավ են արել, որ անջատել են, իսկ սոցիալապես անապահովներինը, եթե անջատել ենէ կմիացնեն:

Ամենաթարմ