fbpx
Ժամանց

Պարզ սովորություններ, որոնք ձեզ ավելի հաջողակ կդարձնեն

Addicted2success.com կայքը գրում է՝ հաջողության հասնելու պայմաններից մեկն էլ լավ սովորություններ ունենալն է: Ցանկանո՞ւմ եք լիարժեք կյանքով ապրել, ուրեմն պետք է նոր սովորություններ զարգացնեք: Սկսեք հենց այս օրվանից:

Օգնություն խնդրելու սովորություն

Ոչ ոք էլ միայնակ հաջողության չի հասնում: Այնպես որ՝ ձեր նպատակներին ավելի արագ հասնելու համար սովորեք օգնություն խնդրել ուրիշներից: Հնարավորինս հաճախ վարվեք այդպես: Եթե երբևէ փորձել եք սեփական բիզնես սկսել, ազատվել ավելորդ կիլոգրամներից կամ էլ նման մի բան, ապա հավանաբար հասկացել եք, որ իրականում ամեն ինչ ձեր պատկերացրածից շատ ավելի դժվար է:

Երբեմն բախվում եք այնպիսի խոչընդոտների, որոնք հնարավոր չէ միայնակ հաղթահարել: Ամեն ինչ այլ կերպ կլինի, եթե ձեր կողքին լինի մեկը, որը կօգնի լուծել բոլոր խնդիրները: Եթե դուք սովորեք օգնություն խնդրել, ապա ավելի արագ առաջ կշարժվեք:

Ինչ-որ բան ձեռնարկելու սովորություն

Դուք ինքներդ ինչ-որ բան ստեղծելու ներուժ ունեք, բայց եթե ոչինչ չձեռնարկեք, ապա այդպես հիասթափված էլ կհեռանաք այս աշխարհից: Դուք մեծ գաղափարներ ունեք, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Մեծ հաջողության հասնելու կարևոր պայմանը ձեր գաղափարների կյանքի կոչումն է: Եվ դրա համար մոտիվացիա անհրաժեշտ չէ: Ինչ-որ բան ձեռնարկելը սովորություն է: Այնպես որ, եթե ծույլ եք կամ էլ սիրում եք հետաձգել ցանկացած գործ, հոգ չէ. ամեն ինչ կարելի է փոխել:

Ահա թե ինչպես. օրական առնվազն երեք քայլ ձեռնարկեք (նույնիսկ, եթե չգիտեք՝ ինչ եք անելու): Բլոգում ինչ-որ գրառում կարդալուց հետո փորձեք որևէ բան ձեռնարկել: Տեսանյութ դիտեք ու ինչ-որ բան ձեռնարկեք: Գրքի 20 էջ կարդալուց հետո փորձեք որևէ բան անել: Կամ էլ, եթե այլ մեթոդ եք ցանկանում, կարող եք ձեր երազանքին հասնելու համար առաջին քայլն անել: Սկսեք այսօրվանից ու ամեն օր մի փոքր բան արեք: Որոշ ժամանակ անց սկսեք ավելի շատ բան անել: Ի վերջո, ինչ-որ բան ձեռնարկելու սովորությունը ձեզ նախաձեռնող կդարձնի, և դրա շնորհիվ նորանոր հաջողությունների կհասնեք:

«Առաջ գնալու խթաններից մեկը մշտապես մեծ նպատակներ ունենալն է»,- ասում է Մայքլ Կորդան:

Դժվար պայմաններում ապրելու սովորություն

Չնայած մի շարք հռետորների մոտիվացիոն ելույթներին՝ իրական կյանքը դժվար է: Բոլորս էլ մարդ ենք և ունենք վախեր ու կասկածներ: Անկախ ամեն ինչից, մենք ցանկացած պարագայում պետք է դժվար պայմաններում առաջ գնալու սովորություն ձեռք բերենք: Ինչո՞ւ: Որովհետև հաջողության հասնելու համար պետք է անել ոչ միայն այն, ինչ ցանկանում եք, այլև այն, ինչ անհրաժեշտ է: Եկեք ճիշտը խոսենք, դուք երբեք էլ պատրաստ չեք փոփոխությունների: Ահա թե ինչու է պետք դուրս գալ հարմարավետության տիրույթից: Որքան շատ եք այդպես վարվում, այնքան ավելի շատ լավ բաներ են պատահում ձեզ հետ: Նույնիսկ ձախվողելու դեպքում դուք գիտակցում եք, որ իրական կյանքում ամեն ինչ բոլորովին այլ է:

Մեդիտացիայի (մտակենտրոնացման) սովորություն

Մտակենտրոնացումն օգնում է ավելի հստակ մտածել: Դուք նույն առավելությունները ու մի շարք այլ բաներ կստանաք, եթե օրական առնվազն հինգ րոպե մտակենտրոնացմամբ զբաղվեք:

«Ոչ» ասելու սովորություն

Ես կյանքում շատ բաներ եմ արել, որոնք իրականում չեմ ցանկացել անել: Ինչո՞ւ: Միայն մարդկանց հաճոյանալու համար: Ես բոլորին «այո» էի ասում՝ առանց գիտակցելու, թե ինչ եմ անում: Դա էր պատճառը, որ երբեք էլ ժամանակ չէի ունենում ինքս ինձնով զբաղվելու համար: Ծանո՞թ իրավիճակ է: Իրականում մարդիկ չեն բավարարվում ձեր օգնությամբ: Ընդհակառակը, նրանք ավելին են պահանջում: Ավելի լավ է «ոչ» ասեք: Դա ամենաճիշտ որոշումն է:

«Երբ «այո» եք ասում ուրիշներին, համոզվեք, որ ինքներդ Ձեզ «ոչ» չեք ասում»,- ասում է Պաոլո Կոելիոն:

Ամեն ինչին հետևելու սովորություն

Դուք զգո՞ւմ եք, որ կարևոր գործերի համար երբեք բավարար ժամանակ չեք ունենում: Ուրեմն, պետք է սկսեք հետևել այն ամենին, ինչ անում եք: Ձեր անելիքների ցուցակը կրճատելը բավարար չէ: Գրի առեք, թե ինչքան ժամանակ եք ծախսում յուրաքանչյուր առաջադրանքի կատարման վրա և ինչ արդյունքի եք հասել: Բացի այդ, գրի առեք ամեն օր գրանցած արդյունքները: Միշտ էլ միջոցներ կգտնեք ձեր գրաֆիկը կարգավորելու և ավելի արագ շարժվելու համար:

Պատասխանատվություն ստանձնելու սովորություն

Սովորությունների հետևյալ ցանկից այս մեկն ամենադժվարն է: Միևնույն ժամանակ այն, թերևս, ամենակարևոր սովորությունն է: Բոլորն էլ խնդիրներ ունեն, բայց ուրիշներին մեղադրելը երբեք էլ չի օգնի լուծել խնդիրները: Փոխարենը՝ դուք պետք է սովորեք պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ չի ստացվում ձեր կյանքում: Այլ կերպ ասած, երբ ինչ-որ վատ բան է պատահում, պետք է պարզապես ասեք՝ «մեղավորը ես եմ»: Համարյա ոչ մեկն այդպես չի վարվում, բայց սա խելամիտ տարբերակ է:

Դուք պետք է ինքներդ վերահսկեք իրավիճակը: Պատասխանատու եղեք ձեր եկամտի, հարաբերությունների և ընդհանրապես ձեր կյանքի համար: Այդ դեպքում իրավասու կլինեք սեփական հաջողության աստիճանը որոշելու համար: Մոտիվացիա փնտրելով՝ մեծ հաջողության չեք հասնի: Հաջողության հասնում են ամեն օր կիրառվող փոքր սովորություններով:

Աղբյուր՝ 168.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ