ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ամերիկյան այցին։ Մնացականը հայտարարեց, որ վարչապետի ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կլինի, այդ հարցը օրակարգում է, սակայն հանդիպման ժամկետի մասին հստակ տեղեկություն չհաղորդեց:
Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներ է մեկնելու սեպտեմբերի վերջին տասնօրյակին՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որի բացմանը հանդես կգա ելույթով։ Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Ինչ վերաբերում է վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը՝ կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է, աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի ֆիքսվել միայն, որ եթե չկա, ուրեմն այդպես է՝ ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև որևէ պակաս՝ բարձր մակարդակով շփումների, մենք չունենք»,-ասաց Մնացականյանը։
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգները ունեն չափազանց բավարար երկխոսություն բարձր մակարդակով:
«Եթե ուշադրություն դարձնենք՝ և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալը և մակարդակը, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք որևէ դեֆիցիտ՝ Միացյալ Նահանգների հետ շփումների՝ բարձր մակարդակով, այսօր չունենք։ Ե՛վ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Եվ չունենք որևէ սահմանափակում՝ ցանկացած պահի ակտիվացնելու։ Շատ պարզ լեզվով ասեմ՝ եթե ես որևէ պատգամ ունեմ, որևէ բան ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ հասցնել դա Միացյալ Նահանգների բարձր մակարդակի իմ գործընկերներին», – հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը։