Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն նախարար,
հարգելի գործընկերներ,
պարոնայք գեներալներ և սպաներ,
Այսօր հավաքվել ենք, որպեսզի ներկայացնեմ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իհարկե նորություն չկա, որովհետև արդեն երկար ժամանակ բոլորս գիտենք, որ հենց պարոն Դավթյանն է փոխարինելու Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, բայց մեր օրենսդրության առանձնահատկություններից ելնելով ստիպված էինք որոշ ժամանակ սպասել:
Բոլորդ գիտեք, որ պարոն Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թողել է ծառայության հետ կապ չունեցող պատճառներով և պետք է արձանագրեմ, որ մենք պարոն Դավթյանի հետ այս ընթացքում անընդհատ կապի մեջ ենք եղել ու պարզ է եղել, որ նրա ներուժը պետք է անպայման օգտագործենք մեր պետական գործերում, ներգրավենք նրան:
Այս ընթացքում պարոն Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում ես նրան հրավիրել եմ Սյունիք՝ Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու նպատակով: Նկատի ունեմ՝ պարոն Դավթյանն այս ընթացքում միշտ ներգրավված է եղել և ըստ էության կտրված չի եղել պետական գործերից: Համոզված եմ, որ իր առաքելությունը կշարունակի նույնպիսի բարձր մակարդակով, ինչպիսի բարձր մակարդակով սկսել էր: Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ:
Պարոն Դավթյան, շնորհավորում եմ Ձեզ այս բարձր կարգավիճակը վերստանձնելու առիթով: Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեզ կհաջողվի լուծել այն խնդիրները, որոնք բխում են մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեզ այս պատասխանատու պաշտոնում և հույս ունեմ, որ մենք հնարավորինս արագ կհաղթահարենք այն բարդությունները, որոնք հայտնի հանգամանքների բերումով ծառացել են մեր առաջ:
Մի հանգամանք ևս ուզում եմ ընդգծել. ես 2018 թվականին Ձեզ ներկայացնելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին՝ շատ կարևոր եմ համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և պետք է ասել, որ այդ խնդիրը նույնպես Դուք կատարել եք շատ բարձր մակարդակով:
Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում:
Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին:
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:
Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Իհարկե տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Միևնույն ժամանակ, Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ այս ընթացքում պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Ես ևս միանում եմ Ձեր խոսքերին, ևս մեկ անգամ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն եմ հայտնում մատուցած ծառայությունների համար և պարոն Գալստյան իհարկե Ձեզ շնորհակալություն՝ այս ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Շնորհակալություն բոլորին, որովհետև իսկապես շատ բարդ, ծանր ժամանակաշրջանով ենք անցել և կարծում եմ, որ մենք, ի վերջո, այս ողջ ընթացքում կարողացանք անել առավելագույնը և արեցինք այն անհրաժեշտը, որպեսզի այս ամենից դուրս գանք ուժեղացած, համախմբված և, ի վերջո, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգած»: