fbpx
Քաղաքականություն

Փաշինյանն-Ռոհանին հեռախոսազրույցը էներգահամակարգի վթարից ժամեր անց. հնարավոր պատճառները

«Ժամանակ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են երկկողմ օրակարգի, նաև ԵՏՄ-Իրան գործակցության հետ կապված հարցեր, նաև ռեգիոնալ զարգացումներ: Անկասկած է, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների հեռախոսազրույցը ինքնին արդեն իրականություն է, սակայն առավել քան հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում երկու էական հանգամանքի ֆոնին:

Նախ՝ հուլիսի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտարարել, որ Երևանը Իրանի հետ սկսել է քննարկում ներքին սպառման գազ գնելու համար՝ վճարելով դրա դիմաց ապրանքով: Մհեր Գրիգորյանն ասել էր, որ նախկինում երբեք չի քննարկվել այդպիսի հարց: Մհեր Գրիգորյանն օրերս է վերադարձել Իրանից, որտեղ մասնակցել է միջկառավարական հանձնաժողովի նիստին և հանդիպել նաև Իրանի նախագահ Ռոհանիի հետ: Եվ ահա, Գրիգորյանի այդ հայտարարությունից հետո Փաշինյանի հեռախոսազրույցը Ռոհանիի հետ բավականին հետաքրքիր է:

Եվ մյուս հանգամանքն այն է, որ հեռախոսազրույցից ժամեր առաջ, փաստորեն, տեղի է ունեցել Հայաստանի էներգահամակարգի խոշոր վթար, առայժմ հստակ չպարզաբանված պատճառով: Այդ վթարը ինքնին հետաքրքիր դիտարկումների է արժանացել հենց Մհեր Գրիգորյանի հայտարարության ֆոնին, որն այլ բան չէ, քան ռուսական գազի այլընտրանքի որոնման կոնկրետ գործողության մասին ազդարարում: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է Հայաստանի էներգահամակարգում վթարը, որը բերել է երկու խոշոր էներգաարտադրողի աշխատանքի անջատման և էներգետիկ արտակարգ իրավիճակի: Միայն հայ մասնագետների ջանքերի շնորհիվ է հաջողվել խուսափել ուղղակի աղետալի հետևանքից: Եվ այս արտակարգ իրավիճակի ֆոնին Նիկոլ Փաշինյան-Ռոհանի զրույցը է՛լ ավելի հետաքրքիր է դառնում՝ հատկապես նկատի ունենալով մի նուրբ հանգամանք ևս:

Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ էներգավթարի երեք վարկածներից մեկը Իրանի համակարգում եղած տատանումը կարող էր լինել, որը երկու երկրների էներգետիկ համակարգերի միակցվածության պայմաններում կարող էր բերել նաև հայկական համակարգի վթարի: Իհարկե, նախարարի տեղակալը նշել էր, որ դա հավանական, սակայն վարկածներից ընդամենը մեկն է, այդուհանդերձ այդ հանգամանքը եռակի հետաքրքիր է դարձնում Փաշինյան-Ռոհանի հեռախոսազրույցը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Հայաստանի էներգահամակարգում տեղի ունեցածի շուրջ քննարկման մասին, սակայն սա, իհարկե, ամենևին չի նվազեցնում հեռախոսազրույցի հետաքրքրությունը: Մեծ հաշվով, էներգահամակարգի վթարը հնարավոր է գնահատել նույնիսկ ոչ միայն Հայաստանին, այլ մի շարք հանգամանքների բերումով նաև Իրանին նետված, կամ հայ-իրանական գործակցությանը նետված մարտահրավեր, և այդ ֆոնին իրապես խիստ հատկանշական է, որ Փաշինյանն ու Ռոհանին բավականին օպերատիվ կապվել են միմյանց հետ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ