fbpx
Խորհրդարան

Փաշինյանը բացատրում է, թե ինչու չպետք է ունենալ Սփյուռքի նախարարություն

Եթե որևէ գործառույթ իրականացնում է մեկից ավելի գերատեսչություն կամ կառույց, ապա կարելի է համար, որ այդ գործառույթը փաստացի չի կատարվում։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանուր առմամբ դրդապատճառներից մեկը, որ մենք որոշեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է չունենա Սփյուռքի նախարարություն, հենց սա էր, որովհետև Սփյուռքի նախարարությունում, ըստ էության, իրականացվում էին գործառույթներ, որոնք իրականացվում են նաև այլ նախարարությունների կողմից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը թվարկեց այդ գործառույթները՝ կրթական, մշակութային, երիտասարդական-կազմակերպական, իսկ այդ նախարարությունը չէր կատարում այնպիսի գործառույթներ, որպիսիք պետք է կատարեր։ Դրա փոխարեն, հիշեցրեց Փաշինյանը, վարչապետի աշխատակազմում լինելու է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, որն էլ գործելու է վարչապետի անունից։

«Բայց այս տրամաբանության մեջ ես ուզում եմ ասել, որ մեր կառավարությունը երկու խնդիր է դրել իր առաջ Սփյուռքի հետ հարաբերություններում, որոնք, ըստ էության, պետք է անվանել հեղափոխական»,- ասաց վարչապետը։

Առաջին խնդիրն այն է, որ թեև շատ է խոսվում սփյուռքի ներուժի մասին, բայց մինչև հիմա Հայաստանում քարտեզագրված չէ, թե որ երկրում ինչ ռեսուրսների է տիրապետում, ազդեցության ինչպիսի ծավալ ունի հայկական սփյուռքը։ Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրում հատուկ տեղ է տրված համահայկական ցանցերի ստեղծմանը, որոնց միջոցով ամենօրյա ռեժիմում պետք է տեղեկատվություն փոխանակվի այս հարցերի մասին։

Երկրորդը, Սփյուռքը ներկայացնող միասնական կառույցի կամ կազմակերպության ստեղծումն է, որին պետք է հասցեագրված լինեն ընդհանուր «սփյուռք» բառի ներքո հասկացվող հարցերը։ Որքան էլ դժվար լինի դա, վարչապետը կոչ է անում չհուսահատվել այդ աշխատանքի ընթացքում։

Գրում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ