Իրավական

Բարձր պաշտոնը քեզ վրա լրացուցիչ պարտավորություն է դնում. Ռոբերտ Քոչարյան

Դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ՝ վերաքննիչ քրեական դատարանը չորեքշաբթի քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Դատավորը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց․

«20 տարի երկու պետականության առաջին դեմքն եք եղել։ Ի՞նչ եք մտածում, որևէ մեկը կարող էր Ձեր խոսքը դրժել, ի՞նչ որ մեկը կարող էր Ձեր խոսքի դեմ բան ասել, չլսել Ձեզ, չենթարկվել, չհամաձայնել։ Դուք ո՞նց կվերաբերվեիք այդ երևույթներին»։ Նա հավելել է․ «Ձեր ենթադրությունը դատական ակտի, որ ռիսկեր է պարունակում վարույթի համար խոչընդոտման ենթադրություն է։ Այսինքն՝ Դուք կարող եք ներազդել վկաների, տուժողների և այն անձանց վրա, և վերջիններս կարող են փոխել իրենց ցուցմունքները, կամ որևէ այլ կերպ ազատության մեջ գտնվելով խանգարել վարույթին։ Դրա հիմքերում ընկած է նաև Ձեր՝ երկարատև բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը և նաև Ձեր հոգեկերտվածքը և Ձեր էությունը։ Դրա համար ես կուզեի հասկանալ Ձեր վերաբերմունքը այդ երևույթին, որի փաստական հանգամանքները դատարանը կգնահատի արդեն»։

Հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ միայնակ որոշումներ է կայացրել, և իր հետ աշխատած ամենալավ պաշտոնյաները նրանք էին, որոնք համարձակություն էին գտնում վիճել․

«Որոշումների որակը դրանից է կախված։ Եվ ամենից մեծ հարգանք ես ունենում էի հենց այն մարդկանց նկատմամբ, այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք կարող էին կարծիք ասել, չհամաձայնվել։ Ուղղակի մենք դա հանրային լսումներով չէինք անում։ Բայց երբ որ համախմբվում էին ինձ մոտ տարբեր ոլորտներում բարեփոխումներ քննարկելու համար։ Ուղղակի մասնակիցներից կարելի է հետաքրքրվել՝ այս կարծիքը գործո՞ւմ է, թե՞ ոչ։ Ճիշտ հակառակը։ Եվ այդ որոշումների որակը գալիս էր հենց նրանից, որ կարծիք էր լսվում, և բավականին լուրջ, խորը քննարկումներ էին լինում»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ չի կիսում այն կարծիքը, թե հանրային բարձր պաշտոն է զբաղեցրած լինելով՝ կարող է ազդել մարդկանց վրա․ «Մենք պետք է հասկանանք, որ այդ բարձր պաշտոնը, այդ կենսագրությունը քեզ վրա լրացուցիչ պարտավորություն է դնում որևէ բան չանել, որով կարող ես անունդ վարկաբեկել։ Գիտեք՝ մարդ իր անունը, իր նկատմամբ վերաբերմունքը քարը քարին դնելով ամբողջ կյանքն է կառուցում։ Ինձ համար զարմանալի է, որ դատախազությունը իմ պաշտոնավարման հանգամանքը օգտագործում է որպես հնարավորություն մարդկանց ճնշելու համար։ Ինձ համար սա մի գործոն է, որը բացառում է, որ ես որևէ մի բան կանեմ, որից ես կամաչեմ։ Ճիշտ հակառակը՝ 180 տոկոսանոց հակառակ ընկալում ունեմ այս հարցի վերաբերյալ»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ