fbpx
Կրթություն

ԿԳՄՍ նախարարը և Օլգա Լյուբիմովան մշակութային բնագավառում համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին կրթության նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան:

Հանդիպման ընթացքում  Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային շփումները խթանելու և համատեղ մշակութային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Նախարար Օլգա Լյուբիմովան էլ բարձր է գնահատել Ռուսաստանում պարբերաբար կազմակերպվող հայ կատարողների ու համույթների ելույթները և կարևորել հանդիպման կայացումը հատկապես 2022 թ. Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում:

Նախարար Վ. Դումանյանը կարևորել է երկու բարեկամական պետությունների միջև մշակութային համագործակցության ընդլայնումը և դրա նպատակով «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի ստորագրումը, որը հստակ սահմանում է առաջիկա տարիների առանցքային ուղղությունները: Նա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունն է հայտնել 2022 թ. ընթացքում Հայաստանում հյուրընկալել «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագիրը:

Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանը նախարար Օլգա Լյուբիմովային հրավիրել է այցելել Հայաստան՝ ակնկալելով, որ այցը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում նախատեսվող «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» բացառիկ փառատոնի շրջանակում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ