fbpx
Իրավական

Պատգամավորը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը․ Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր հատուկ ասուլիս է հրավիրել, որպեսզի իրենց դիրքորոշումն արտահայտի պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ, ինչպես նաև հայտարարություն և կոչեր անի պաշտոնատար անձանց։

Ալումյանի խոսքով՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել դատավորի վրա, որպեսզի վերջինս Քոչարյանին կալանքից ազատման որոշում չընդունի։

Մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանին Ալումյանը կոչ է անում ապահովել սահմանադրական կարգը, իսկ իրավապահներին կոչ է անում թույլ չտալ, որ տեղի ունենա դատավորի վրա ճնշում գործադրելուն ուղղված ցույցը։

Նշենք, որ այսօր «Իմ քայլը« խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է «Դեմ եմ Հանրապետականին» էջի գրառումը, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ,
Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»։

Պատգամավորը տարածած հրապարակման մեջ գրառում է կատարել․ «Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։
Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր` մայիսի 18-ին՝ ժամը 16.00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ