fbpx
Հասարակություն

Ինքս պատվաստվել եմ և խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ պատվաստվեն. Պրոֆեսոր Արա Բաբլոյանը պատվաստումների մասին

Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի բոլոր երկրներին պատվաստվածների թվով, որի հիմնական պատճառը պատվաստանյութերի և դրանց հետագա վնասակար հետև անքների մասին տարածվող հակասական կարծիքներն: Այս հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանի հետ, ով նախ անդրադարձավ պատվաստանյութերին առհասարակ.

– Նախ ուզում եմ նշել, որ թեև մասնագիտությամբ վիրաբույժ եմ, բայց վերջին երեսուն տարիներին զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ: Ըստ այդմ, ես հիմնվում եմ այն տվյալների, այն հրապարակումների, այն տեղեկությունների վրա, որոնք խիստ մասնագիտական և խիստ վստահելի աղբյուրներից են: Երբ նայում ենք պատմությունը, տեսնում ենք, որ տարբեր ժամանակներում մարդկությունն առողջապահական տարբեր խնդիրների առջև է կանգնած եղել` բնական ծաղիկ, կարմրուկ, պոլիոմիելիտ և մի շարք այլ ինֆեկցիաներ, որոնց առաջ բերած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշների կանխարգելումը հնարավոր է եղել ճիշտ պատվաստանյութեր ստեղծելու և դրանք կիրառելու շնորհիվ:

Հիմա` ինչ վերաբերում է Քովիդ-19-ին. եթե հիշում եք, ես դեռևս նախորդ տարվա մարտին փաստել եմ, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է: Անգամ ասել եմ, որ եթե մինչև տարեվերջ համապատասխան պատվաստանյութը պատրաստ լինի, դա կլինի ֆանտաստիկ մի բան: Եվ, իհարկե, պատվաստանյութի պատրաստումն իրականացվեց արագացված մեթոդներով, որովհետև վիրուսը դանդաղ շարժվելու, հապաղելու հնարավորություն չէր տալիս:

Պրոֆեսորը փաստում է.

-Ինքս պատվաստվել եմ և խորհուրդ եմ տալիս, որ մարդիկ պատվաստվեն, որովհետև ապացուցողական բժշկության իրական, ճշգրիտ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստումը հնարավորություն է տալիս նվազեցնելու վարակման հավանականությունը, խիստ նվազեցնում է բարդ դեպքերի ընթացքն ու առավելագույնս նվազեցնում մահվան դեպքերը:

Իսկ նրանք, ովքեր հակառակ կարծիքի են, հիմնավոր փաստարկներ չունեն, նրանք խոսում են այստեղ-այնտեղից կարդացած կցկտուր, հատուկենտ տեղեկություններով: Ես գտնում եմ, որ մարդիկ, ովքեր դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար:

Հարցին, արդյոք վիրուսը սպառնում է նաև մանկահասակների վաստակաշատ պրոֆեսորը նկատեց.

-Մինչ այժմ եղած տվյալներով` երեխաների շրջանում վարակը մեծահասակների համեմատ շատ ավելի քիչ է տարածվում, բայց մեր բժշկական համալիրում ունեցել ենք նույնիսկ ծանր դեպքեր, ինչով հաստատվել է, որ հիվանդությունը կարող է բարդություններ առաջացնել նաև երեխաների մոտ:

Աղբյուրը՝ «Իրավունք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ